Նորացված ՀՀՇ կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, Ադրբեջանը փորձում է անցնել սադրանքների ավելի բարձր մակարդակի եւ Հայաստանին նյարդայնացնել' լարվածության մեջ պահելով նաեւ Նախիջեւանի սահմանից: Ըստ Իգիթյանի, գուցե Ադրբեջանին նման վերաբերմունքի եւ ագրեսիայի առիթ են տվել Ղազախստանի նախագ ահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախագահ Ջեյմս Ուոլրիքի հայտարարությունները:
«Այս համատեքստում Ադրբեջանը կարող է իրեն ամենազոր զգալ, քանի որ Ռուսաստանից գնել է զենքի աննախադեպ քանակ, եւ գուցե սպառազինությունը նրան նման վստահություն է տալիս»,- ասաց Հովհաննես Իգիթյանը' հավելելով, որ հավատում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններին առ այն, որ սահմանին լարվածություն միշտ էլ եղել է, եւ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Ըստ Իգիթյանի, հարցը ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքական գործիչների մտահոգության կենտրոնում պետք է լինի, քանի որ 2009 թվականից սկսած առաջին անգամ է, որ լարված է Նախիջեւանի հետ սահմանը: Ըստ քաղաքական գործչի, չի բացառվում, որ այս կերպ Ադրբեջանը փորձում է ներքաշել Թուրքիային' որպես հակամարտության կողմ, եւ այս առումով պետք է ոչ միայն անհանգստանա, այլեւ լուրջ քայլեր ձեռնարկի նաեւ ՀԱՊԿ-ը:
«Եթե Ղարաբաղի հետ սահմանի լարվածության պարագայում ՀԱՊԿ-ից հայտարարում էին, որ Ղարաբաղն իրենց անդամ պետություն չէ եւ չեն կարող խառնվել, ապա Նախիջեւանի պարագայում խնդիրը վերաբերում է Հայաստանին, եւ այստեղ ՀԱՊԿ-ը անհանգստանալու եւ միջոցներ ձեռնարկելու խնդիր ունի»,- ասաց Իգիթյանը:
Հունիսի 5-ին հրադադարի կանոնների խախտում էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով հայկական ԶՈւ երկու պայմանագրային զինծառայողներ էին զոհվել' Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):