Անդրկովկասում ստեղծված անչափ խրթին իրավիճակն ու Արցախյան  ճակատում տեղի ունեցած վերջին սրացումները ստիպում են աշխարհին ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանն ու հանդես գալ նախաձեռնություններով, որոնք  բավական բազմանշանակ բովանդակություն  են կրում իրենց մեջ:
Մասնավորապես՝ հուլիսի 7-ին Երևանում արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառների բացման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել հայտարարություններով, որոնք լիովին տեղավորվում են վերջին շրջանում արևմտյան պաշտոնյաների կողմից պարբերաբար արվող հայտարարությունների տրամաբանության սահմաններում: Սվիտալսկին հայտարարել է, թե Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար: «Մենք փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությունը: Մենք, որպես Եվրոպական միություն, ամենայն լրջությամբ ենք վերաբերվում Հայաստանի անկախությանը»,- իրեն հատուկ բազմանշանակ ոճով հայտարարել է Սվիտալսկին: Ի դեպ՝ պատահականություն է, թե ոչ, բայց Սվիտալսկին այս հայտարարությունը հնչեցրել էր Երևանի հենց Մոսկովյան փողոցում (հաշվի առնելով այն, որ դիվանագիտության մեջ նույնիսկ դիվանագետի կապած փողկապի գույնը կարող է իմաստ կրել, ենթադրելի է, որ փողոցը պատահականորեն չէր ընտրված եվրոպացի դիվանագետի կողմից):

Սրան զուգահեռ նույն օրը վերջապես Արևմուտքից երկար սպասված արձագանքն է ստացվել հուլիսչորսյան դեպքերին. արձագանքել է ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը, դրանից առաջ էլ նոր հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ-ն: Իրենց այդ արձագանքներում կողմերը կատարել են շեշտադրումներ, որոնք ոչ միանշանակ պետք է գնահատել. հիմնականում շեշտադրել են ադրբեջանական կողմի՝ քաղաքացիական բնակչության շրջանում  տված զոհերը: Նկատենք, որ, ըստ էության, փորձել էին որպես բռնության հերթական ալիքի նախապատճառ ներկայացնել հայկական կողմին՝ անտեսելով իրականությունը:

Իսկ իրականությունն, ինչպես հայտնի է, երբևիցե ոչ ոքի չի հետաքրքրել կամ հետաքրքրել է  այնքանով, որքանով դա շահավետ է եղել: Այս դեպքում ևս, կարելի է ասել, նմանատիպ իրավիճակի ենք ականատես դառնում: Եթե վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հնչած ուղերձները դնենք միմյանց կողք ու փորձենք ի մի բերել, ապա կգանք անխուսափելի եզրահանգման. որպես հիմնական զիջող կողմ Արևմուտքն այսօր դիտարկում է Հայաստանին, մեզանից են պահանջում անել քայլեր ընդառաջ Ադրբեջանին՝ աչք փակելով Ալիևի  լկտի պահվածքի վրա, անտեսելով արդարությունը: Իսկ պատճառը, բնականաբար, հասկանալի է. խնդիրը կրկին Ռուսաստանի մեջ թշնամի տեսնելու մեջ է, ինչի պատճառով այսօր աշխարհաքաղաքական գլխավոր բևեռների մեջ թշնամական մթնոլորտ է ձևավորվել, որ ուղղակիորեն ազդում է նաև Անդրկովկասի վրա:

Ինչ վերաբերում է Սվիտալսկու հայտարարությանն, ապա նկատենք, որ նա, ըստ էության, բաց տեքստով Հայաստանին առաջարկում է չվախենալ Մոսկվայի հակաքայլերից ու համարձակ գտնվել ԵՄ հետ հարաբերություններ կառուցելիս՝ խոստանալով լուծել դիցուք էներգետիկ դաշտում Հայաստանի ունեցած խնդիրները: Բայց հարցն էլ այն է, որ Արևմուտքի այդ առաջարկն իրականում փուչիկ է ու ոչ մի լուրջ բազա չի կարող ստեղծել մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման համար: Սա, եթե կուզեք, ավելի շատ սիմվոլիկ առաջարկ է, որը պետք է մեկնաբանել ոչ ուղիղ իմաստով: Իրականում Եվրոպան Հայաստանին ոչինչ չունի ասելու բացի մատ թափ տալուց կամ ասենք նույն Լեհաստանի դեսպանի շուրթերով «զենքերի երկխոսությամբ» սպառնալուց:

Կազդի՞, արդյոք, այս ամենը Պուտինի տրամադրության վրա, և կամ  որքանով ուղերձները տեղ կհասնեն, երևի թե հայտնի կդառնա Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:

Խաղաղություն բոլորիս…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ