Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո անցած մեկ տարի երեք ամսվա ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ, վերլուծություններ են գրվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացման պարագայում տարածաշրջանային առաջատար խաղացողների, հատկապես Իրանի և Թուրքիայի դերի ու գործողությունների մասին։ Շատ վերլուծաբաններ արդարացիորեն նշել են, որ ցանկացած ռազմական գործողություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջականորեն ուղղված է Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի ռազմաքաղաքական մերձավոր դաշնակցի դեմ։ Դատելով ըստ ամենայնի՝ նման տեսակետի կողմնակիցները, ինչպես ցույց է տալիս իրավիճակի զարգացման դինամիկան Հարավային Կովկասում, առավել մոտ էին ճշմարտությանը։ Որպեսզի այս եզրահանգումը անհիմն չթվա, հայացք նետենք պատմությանը։

Եվ այսպես, ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվային մեղադրեց «Լեռնային Ղարաբաղում սրացումն ապահովելու հանցակցության մեջ», այն դեպքում, «երբ Ադրբեջանն արեց անհրաժեշտ ամեն բան հրադադարի պահպանման համար»։ Հասկանալի է, որ Թուրքիայի նախագահը դրանով իսկ անթաքույց աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Մեկնաբանելով այս փաստը Երևան կատարած իր այցի ընթացքում՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասաց հետևյալը. «Ես կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք հնչել են թուրքական ղեկավարության կողմից, բացարձակ անընդունելի են մի պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին։ Դրանք հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու կոչեր էին։ Դա արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը և միջազգային հանրության դիրքորոշմանը»։ Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմի նախօրեին Էրդողանի՝ մինչ այդ ծրագրված երկու այցելությունները Բաքու չեղարկվել են Անկարայի ահաբեկչությունների (2016թ. փետրվարի 17-ին և մարտի 13-ին) պատճառով։ Ալիևի կողմից թուրք առաջնորդի հետ հանդիպումն Ադրբեջանից Անկարա տեղափոխելը և այնտեղ 2016թ. մարտի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նստաշրջանն անցկացնելը (բարձր մակարդակով) վկայում են ադրբեջանական կողմի համար Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների բացառիկ հրատապությունը։ Այնուհետև, ինչպես և սպասվում էր, այդ նույն շրջանում տեղի ունեցան թուրքական գեներալիտետի պաշտոնական և աշխատանքային այցելությունները Բաքու, թուրք գեներալների բազմաթիվ խորհրդակցություններն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։ Այս ամենն արդեն այն ժամանակ ռազմական սրացում էր գուշակում Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչն էլ տեղի ունեցավ 2016թ. ապրիլի 2-ին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պրոֆեսիոնալիզմը և անձնուրացությունը սանձեցին պատերազմը, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ ԼՂՀ Զինված ուժերի ռազմական ղեկավարության հետ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբում ստորագրվեց հրադադարի համաձայնագիր։ Պատերազմը Լեռնային Ղարաբաղի 105 զինվորականի և ճակատագծին մոտ գտնվող գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում և ծերերի ու երեխաների կյանք տարավ։ Ադրբեջանական կողմի վայրագությունը, խաղաղ քաղաքացիների և գերյալ զինվորների հանդեպ կիրառված գազանությունների ԻԼԻՊ-յան ձեռագիրը, երբ նրանց գլխատում էին և տեսախցիկների առջև դիրքավորվում հայ զինվորների կտրված գլուխները ձեռքներին լուսանկարվելու համար, լայնորեն գովազդվում էին Ադրբեջանի ԶԼՄ-ներում։ Այդ ահարկու տեսակադրերը տեղադրվում էին էլեկտրոնային պորտալներում, Բաքվի համալսարանի և այլ կազմակերպությունների պաշտոնական կայքերում։ Էլ չեմ ասում տարեց քաղաքացիների հանդեպ վայրագությունների մասին, որոնք հայտնվել էին ադրբեջանցի մարդակերների գերության մեջ, երբ թոռների ներկայությամբ հանում էին նրանց տատիկների աչքերը, իսկ հետո սպանում նաև մանուկներին։ Այո, հատուցումը Արցախի Ինքնապաշտպանության բանակի կողմից անխուսափելի էր։ Նկատենք, որ ապրիլյան (2016թ.) պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, միջազգային ռազմական փորձագետների գնահատականներով՝ տվեցին  500-ից մինչև 700 սպանված։ Սակայն դա ոչ մի կերպ չմեղմեց ադրբեջանցի ագրեսորների բորբոքվածությունը. չէ՞ որ առաջնագծում՝ մսաղացում էին Ափշերոնյան այդ հանրապետության հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ թալիշները, թաթերը, լեզգինները... Ըստ երևույթին, ադրբեջանական ղեկավարությունը գտել է ազգային հարցի լուծման ամենաբարբարոսական եղանակը։ Այս ամենը, ինչի մասին գրվեց վերը, վավերագրորեն հաստատված է. համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը ժամանակին ուղարկվել են ՄԱԿ, ներկայացվել ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ ԽՎ-ում՝ այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կողմից, ավելին, դրանք ուղարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։

Մոսկվայում հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի միջև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցան բանակցություններ ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին ավելացնել միջազգային դիտորդների թիվը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ավելին, նրանք հաստատեցին 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում վերջին հայ-ադրբեջանական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքների հիման վրա ընդունված համատեղ հայտարարությունում նշվում է. «Այդ նպատակով պայմանավորվեցին, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։ Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին ժամանակներս շփման գծում պահպանվող հրադադարի ռեժիմից։ Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի համար»։ Թվում էր, թե, շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ջանքերի, Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարությունը շրջադարձային կդառնա այդ արյունաթոր հակամարտությունում։ Բայց տեսեք, որ ո՛չ, բոլորովին էլ այդպես չէ։ Ադրբեջանը սկզբում մտացածին պատրվակներով ձգձգում էր բոլոր պայմանավորվածությունների կատարումն սկսելը, իսկ հետո առհասարակ ամենագռեհիկ ձևով հրաժարվեց դրանցից։ Ավելին, կախված Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններից՝ այո, այո, ես չսխալվեցի, կախված ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկություններից՝ ժամանակային կտրվածքով, հստակ նկատվում է թեժացում կամ հարաբերական հանդարտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի դիմակայության գծում։ Վերջին ժամանակներս շփման գծում լարվածության թեժացումը նորից հիմնականում պայմանավորված է Էրդողանի տապալված արտաքին քաղաքականությամբ։ Վերցնենք թեկուզ ս.թ. մարտին – ապրիլի առաջին կեսին եվրոպական մի շարք երկրներում ի պաշտպանություն սահմանադրական հանրաքվեի հանրահավաքների անցկացումն արգելելը, լինի դա Նիդեռլանդներում, Ավստրիայում, ԳԴՀ-ում, թե մեկ ուրիշ երկրում։ Օրինակ, Ռոտերդամի քաղաքապետը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ հանրահավաք անցկացնելու իրավունքը։ Հետո ավելի հետաքրքիր է։ Բանն այնտեղ հասավ, որ Էրդողանը, ի պատասխան այն բանի, որ Հագենաուի, Քյոլնի, Համբուրգի մունիցիպալ իշխանություններն արգելել էին հանրահավաքները Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի ենթադրյալ մասնակցությամբ (Քյոլնում), ասաց. «Գերմանիայի գործողությունները ոչնչով չեն տարբերվում այն բանից, ինչը ժամանակին գործադրում էր նացիստական ռեժիմը»։ Թուրքիայի նախագահի նման պասաժը Բեռլինում, կարծում եմ, շուտ չի մոռացվի։

Այստեղ ավելորդ չէ հիշել, որ ս.թ. հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը քվեարկեց հօգուտ Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու դրույթի ընդունման, ընդ որում՝ միանգամայն բնութագրական է, որ սույն որոշման օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 477 պատգամավոր, 64-ը դեմ է արտահայտվել։

Ձախողված էր նաև  Էրդողանի այցը ԱՄՆ (ս.թ. մայիսին)։ Էրդողանի այցի զրոյական արդյունքի համոզիչ փաստարկներից մեկը դարձավ հանդիպման ժամանակագրությունը բարձր մակարդակով և երկու երկրների ներկայացուցիչների ընդլայնված կազմով։ Թուրքիայի համար էրդողանի՝ իր նշանակությամբ կարևորագույն անձնական շփումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ տևեց ընդամենը 23 րոպե՝ ընթացակարգային առնվազն 40 րոպեի փոխարեն։ Էլ չեմ ասում Էրդողանի թիկնապահների բռի գործողությունների հետևանքների մասին, որոնք տեղի ունեցան ս.թ. մայիսի 17-ին ԱՄՆ-ում թուրք դեսպան Սերդար Քըլըչի նստավայրի մոտ։ Նշենք միայն, որ ԱՄՆ իրավապահ մարմինները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկնապահների ձերբակալելու օրդեր են ներկայացրել։ Ինչպես հայտարարել է Կոլումբիա օկրուգի ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուշամը, Էրդողանի թիկնազորը հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ցույց էին անցկացնում Թուրքիայի դեսպանության մոտ. «Մենք բոլորս տեսանք բռնություն խաղաղ ցուցարարների հանդեպ, և սա այն չէ, ինչին մենք պատրաստ ենք հանդուրժողաբար վերաբերվել»։

Իսկ ինչպե՞ս բնութագրել ռուս-թուրքական հարաբերություններն այսօրվա դրությամբ։ Մանրամասների մեջ չխորանալով՝ մեջբերում կատարենք 2017թ. հուլիսի 5-ին Ռուսաստանում 2016թ. արգելված «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» կազմակերպության առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլյովի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման մասին տեղեկատվությունից։ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը նշել է թուրքական դիրքորոշման անսասանությունը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության անխախտելիության վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ թույլ չտալու համար թուրքական նավերին՝ մեկնել ղրիմյան նավահանգիստներ։ Թուրքիայի առաջնորդի այս բացահայտ ոչ բարեկամական քայլը Ռուսաստանի հանդեպ հենց հիմա՝ G20-ի նախօրեին և «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունն սկսելուց հետո կարող է ամենատարբեր ենթադրությունների տեղիք տալ։ Փաստը մնում է փաստ, որ Թուրքիան իր առաջնորդի և նրա թիմի գործողություններով էլ ավելի է իրեն «փակցնում» «քաղաքական վտարյալի» դերը, որի արարքները դառնում են էլ ավելի անկանխատեսելի։ Այս պայմաններում Էրդողանի համար շատ կարևոր է ամեն գնով հորինել հանուն արդարության մարտիկի, միջազգային հանրության համար անընկալելի մի ինչ-որ խաղաղարարի դեր։ Էրդողանին դժվար կլիներ սկզբում Ղարաբաղյան հակամարտության գոտում չբռնված ռազմական գործողությունների սադրիչի, իսկ հետո՝ դրա հաջող հանդարտեցնողի դերում իր պահանջվածության համար ավելի հարմար պատճառ հորինել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հանձինս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների, որոնք ահա արդեն ավելի քան 23 տարի ջանքեր են գործադրում լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալու համար, կարծում եմ, հավանությամբ կընդունեին Թուրքիայի նախագահի՝ նման դերում հանդես գալու պատրաստակամությունը։ Դա, անշուշտ, Էրդողանին շահեկան լույսով կներկայացներ, ավելին՝ ճանապարհ կբացեր, որպեսզի նա ակտիվորեն մասնակցի միջազգային գործերին Հարավկովկասյան տարածաշրջանում։ Չարժե կասկածել, որ այս ամենը Թուրքիայի նախագահը՝ թուրք-օսմանյան ողջ նենգությամբ հանդերձ, կմատուցեր Ռուսաստանի ղեկավարությանը որպես մեծ զոհողություն իր կողմից։ Ընդ որում՝ նա անպայման այս «ազնիվ» ժեստը կաներ ոչ այլ կերպ, քան Ռուսաստանի համար նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի (որը ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության անդամ է հանդիսանում) ճակատագրի կարևորության գիտակցում։ Մի խոսքով՝ Թուրքիայի նախագահն իր նենգ ու պարզունակ պլանը «կվաճառեր» որպես պատրաստակամություն՝ թույլ չտալու պատերազմի սանձազերծում։

Մանավանդ որ Էրդողանը խաղաթղթերի պահեստում որպես հաղթաթուղթ կունենա «արդի Ռուսաստանի տեսաբան» Ալեքսանդր Պրոխանովի արտահայտությունները, որն օրերս ավարտված իր ադրբեջանյան այցելության ընթացքում ուղղակի դրդում էր ադրբեջանցիներին Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման։ Եվ ահա, խիստ ասնպասելիորեն հակամարտության ռազմական լուծման կողմնակիցների թուրք-ադրբեջանական քարոզչությունը մեկ այլ «նվեր» ստացավ, արդեն Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Սավելևից։

Չգիտես՝ շփոթվես, զմայլվես, թե զայրանաս պատգամավորի բացարձակ քաղաքական անգրագիտությունից, որը, ինչպես ուրյուպինսկցի աշխատավորի մասին անեկդոտում էր՝ ոչ տեսել, ոչ էլ լսել էր ոչ ԽՄԿԿ-ի, ոչ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի մասին։ Մի խոսքով՝ Ուրյուպինսկում ոչ թերթ էր հասնում, ոչ ամսագիր, դե, իսկ հեռուստատեսության մասին լսած անգամ չկային։

Հենց այս կերպ մեր առջև «կանգնեց» Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, նրա արտահայտությունները ողբերգության մասին, երբ ադրբեջանական զինված ուժերն առաջին անգամ 2016թ. ապրիլյան ագրեսիայից հետո գնդակոծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը TR – 107 համազարկային համակարգերից՝ տեղակայված Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում։ ԼՂՀ Պաշտպանության բանակը ստիպված էր ձեռնարկել պատասխան գործողություններ՝ ճնշելու համար ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։ Ադրբեջանական զինված ուժերի կրակակետի չեզոքացման արդյունքում զոհվեց Ալխանլու գյուղի երկու խաղաղ բնակիչ, այդ թվում երկամյա մի աղջիկ, ինչն, իհարկե, մեծ ցավ առաջացրեց մեր սրտերում, բայց և ցասում ադրբեջանական իշխանությունների հանդեպ, որոնք արդեն առաջին անգամ չէ, որ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանն օգտագործում որպես կենդանի վահան։ Ընդ որում՝ հատուկ գյուղերում, ավաններում տեղադրվում են համազարկային կրակի արդի համակարգեր և խոշոր տրամաչափի նռնականետեր։ Բնականաբար, այդ ամենը ստույգ գրանցվել է համապատասխան ԱԹՍ-ների և հայտնաբերման այլ միջոցների կողմից և տեղադրվել Ինտերնետում։ Ցավոք, պատգամավոր Դ.Սավելևն այդ մասին, կուզենայի հուսալ, չգիտեր, այլապես նրա արտահայտությունները նույնը կլինեն այն ամփոփագրերի հետ, որոնք ստացվում են ռազմական գործողությունների սիրիական թատերաբեմից, երբ ահաբեկիչներն իրենք են պայթեցնում քիմիական թունավոր նյութերով լցոնված արկերը, հետո իրենք էլ տեղադրում են Ինտերնետում այդ ահասարսուռ կադրերը, որոնք «մերկացնում են սիրիական կառավարական զինված ուժերի վայրագությունները»։ Մահու չափ ծանոթ ձեռագիր է։ Թե ում է դա ձեռնտու՝ առանձին վերլուծության թեմա է։ Նշենք միայն, որ իր եղբայրակից Ալիևին Էրդողանի հղած ցավակցությունների հաջորդ օրը «սրտացավ» ԶԼՄ-ները ձայն ձայնի տվեցին։ Այսպես, ս.թ. հուլիսի 7-ին, արդեն ժամը 10:47-ին, Ադրբեջանի կառավարամետ ոչ անհայտ haqqin.az կայքը հրապարակեց հոդված՝ «Խաղաղ բնակիչների սպանությունը Հայաստանի նոր ռազմական դոկտրինն է»։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Երբ ամերիկացիները Անկախության օրը ողջ երկրում հրավառություն էին անում, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանն օկուպացրած հայ զինվորներն օգտագործեցին իրենց պայթուցիկն ընդդեմ անմեղ քաղաքացիական անձանց» (ամերիկյան Washington Times պարբերականում իր «Խաղաղ բնակիչների սպանությունը Հայաստանի նոր ռազմական դոկտրինն է» հոդվածում գրել է Բեգին-Սադաթ կենտրոնի և Բար-Իլան համալսարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Մուրիսոնը)։ Այնուհետև նա շարունակել է. «Ադրբեջանը ԱՄՆ-ի, Արևմուտքի և Իսրայելի անփոխարինելի դաշնակիցն է։ Ամերիկան պետք է նախաձեռնություն ցուցաբերի իր դաշնակիցներին աջակցելու գործում»։ Արդեն հոդվածի վերնագիրն իսկ՝ «Հայաստանի նոր ռազմական դոկտրինի մասին», ի սկզբանե սադրիչ է։ Չէ՞ որ ՀԱՊԿ ցանկացած անդամ պետության ռազմական դոկտրինը չի կարող հակասել այդ կազմակերպության կանոնադրությանը, ինչն էլ, մասնավորապես, սահմանված է ՀՀ Սահմանադրությունում՝ ստորագրված միջազգային պայմանագրերի հանդեպ իր պարտավորությունների վերաբերյալ։

Վերը նշվածի համատեքստում կարելի է մանրամասնել Դմիտրի Սավելևի մտքերի հակառուսական բովանդակությունը, բայց դա ձեռնտու կլինի մեր՝ Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր անբարյացակամներին, որոնք անպայման կօգտվեն նրա քաղաքական միամտությունի՞ց ասեմ, թե՞ քաղաքական կարճատեսությունից։ Նրա խոսքերի չար մտայնությունն ուզում եմ ի սկզբանե բացառել։ Ասեմ միայն, որ նրա արտահայտությունը՝ «Այդ սադրանքի գինը դարձավ անմեղ խաղաղ բնակիչների կյանքը. այդ թվում՝ երեխայի։ Այս փաստը պետք է ստանա միջազգային հանրության համապատասխան գնահատականը, որը պետք է մեծ ջանքեր գործադրի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միջազգային իրավունքի նորմերը պետք է աշխատեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամենակարճ ժամկետներում»,- ըստ էության ջնջում ու բովանդակազրկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հռչակագրերը (հայտարարությունները) ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Այն լիովին արհամարհում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հստակ դիրքորոշումը, որը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն արտահայտել է Մոսկվայի մամուլի ասուլիսում առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արդեն Ադրբեջանի ներքին գործը չէ։ Երկիր, որն այսօր թուրք նախագահի ազդանշանով աննախադեպ տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Ի՞նչ է սա՝ կանաչ լո՞ւյս, որն Էրդողանը վառել է Ալիևի առջև պատերազմն սկսելու համար։

Հետգրության փոխարեն. Բուլղարական «Տրուդ» թերթի կայքում, որն ամենամեծ տպաքանակն ունի Բուլղարիայում, ս.թ. հուլիսի 2-ին հրապարակվել է հոդված մի հետաքննության տվյալներով, որն անցկացվել է փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա, որոնցում բացահայտվում է Ադրբեջանի պետական կառույցների ներգրավվածությունն աշխարհի տարբեր մասերում իսլամիստական ահաբեկչական խմբավորումների սպառազինման գործում։ Հոդվածի հեղինակ Դիլյանա Գայտանջիևան իր հետաքննությունում ներկայացնում է հիմնականում տվյալներ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում և Կոնգոյում զենքի վաճառքի մասին, որը ըստ նշանակման մատակարարվել է ադրբեջանական Silk Way Airlines պետական ավիաընկերության կողմից՝ դիվանագիտական բեռների անվան տակ... Այդ զենքի հիմնական մասն օգտագործվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, եզրակացնում է հոդվածագիրը։ Ընդ որում՝ նա նաև գրում է, որ տեղափոխվող զենքի մի մասը կարող էր օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։

Վերն ասվածի համատեքստում չի բացառվում, որ պատգամավոր Դմիտրի Սավելևը, սադրիչ հայտարարություններ անելով ս.թ. հուլիսի 4-ի իրադարձությունների մասին, ցանկացել է շեղել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հասարակայնության ուշադրությունն ադրբեջանական իշխանությունների ուղղակի հանցակցությունից ԻԼԻՊ և դրա նման ահաբեկչական կազմակերպությունների ահաբեկիչներին, միջազգային ահաբեկիչներին սպառազինելու մեջ, որոնց դեմ հերոսաբար մարտնչում են եղբայրական Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։                                           

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ (հայկական կողմից),

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ