Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը օրերս ուշագրավ հայտարարություն է արել. «Մեծ է հողատարածքների պահանջարկը, և մեր արտասահմանյան հայրենակիցները տարբեր երկրներից գալիս են և Հայաստանում ուզում են ունենալ այգիներ, զբաղվել այգեգործությամբ և արտադրանքը արտահանել Հայաստանից: Բայց մենք խնդիր ունենք. մեր հողատարածքները մասնատված են, և դրանց հիմնական հատվածի սեփականատերերը պատրաստ չեն այդ հողատարածքը տրամադրել այլ գործարարի, որը կարող է լայն մասշտաբով աշխատանք կատարել: Մի մասը գտնվում են արտասահմանում և, ըստ էության, այդ հողերի զգալի հատվածը պարապուրդի է մատնված»,-սրտնեղել է նախարարը: Պարզ ասած, նախարարը բողոքում է, որ գյուղացիները չեն ցանկանում ինքնակամ հրաժարվել իրենց հողերից:
 
Հիշում եք, չէ՞, որ 2017-ին Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց մի օրենք, որի համաձայն եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը: Այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից նման քայլը որակվեց գրեթե պետական դավաճանություն, կուլակաթափության փորձ, հայրենիքը իրանցիներին, արաբներին վաճառելու, գյուղերը դատարկելու դավադիր մտադրություն:
 
Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնատեր Հովիկ Աբրահամյանն, օրինակ, լոլիկ աճեցնելով է հարստացել, երբ գյուղացիները վարկերի պատճառով զրկվում էին իրենց տներից եւ այլ ունեցվածքից: Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Այն ժամանակ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս վառեց օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»: Նոր Հայաստանի կառավարությունն էլ կարծես մոռացել է, որ ժամանակին նման մոտեցումը իրենց իսկ կողմից է պարսավվել և այսօր սրտնեղում է, թե այդ ինչպե՞ս են անշնորհակալ գյուղացիները հրաժարվում իրենց հողերը տալ պետությանը: Իսկ թե ի՞նչ են արել այս մեկ տարվա ընթացքում նոր իշխանությունները այդ նույն գյուղացիների համար՝ պարզից էլ պարզ է: Ոչինչ:
 
Եվ կարծես թե թևակոխում ենք գյուղերը դատարկելու, երկրում գյուղատնտեսությունը իսպառ վերացնելու փուլ, որի արդյունքում զրկելու ենք մարդուն իր հողից, այդ հողերը ջրի գնով հայտնվելու են հարուստ մարդկանց ձեռքին, ովքեր մի քանի տարի անց դառնալու են դասական ֆեոդալներ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով հողային ֆոնդի ահռելի բաժինը։ Գնալով պարզ է դառնում, որ նոր իշխանությունների քաղաքական մոտիվացիաներն էլ քիչ աղերս ունեն պետության զարգացման տեսլականի վերաբերյալ հրապարակված դեկլարացիաների հետ...