Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ:
ԱՄՆ Պետդեպը Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն են համարում:
«Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»-նշել է դիվանագետը:
Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը Թրամփի և Պուտինի միջև ձեռք էր բերվել հուլիսի 7-ին մեկնարկած G20-ի հանդիպմանը, որի շրջանակներում նախագահները երկար առանձնազրույց էին ունեցել: Այս համաձայնությանը միացել են նաև Իսրայելը և Հորդանանը, քանի որ վերջիններս Սիրիայի հետ սահմանակից պետություններ են: