«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջին երեք օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների՝ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ընկերակցությամբ ՌԱՀՀԿ կենտրոնում քաղաքական քննարկումներ է անցկացնում իրեն սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների և գործիչների հետ: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ վերջին քննարկումներին մասնակցել են նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո կայացած քննարկումներից մեկի ժամանակ խոսակցություն է ծավալվել այն մասին, որ այսօր օրակարգային հարց է դարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանը դժկամությամբ է ընդունել: Սակայն, մեր տեղեկություններով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խնդրել է Րաֆֆի Հովհաննիսյանից մի կողմ դնել անձնական հարաբերություններն ու վերաբերմունքը, որպեսզի այդ հանդիպումը հնարավոր լինի կազմակերպել:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը ներկա են եղել մի կողմից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մյուս կողմից՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը: