Այսօր՝ մարտի 4-ին, համատեղ ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձան հետընտրական զարգացումներին:
Արտակ Դավթյանի կարծիքով՝ ընտրական գործընթացներում արձանագրված դրական միտումներն իրենց շարունակությունն ունեն նաև հետընտրական զարգացումներում:
«Ի տարբերություն նախկինի՝ ընդդիմությունն այս անգամ ընդգրկել է ողջ հանրապետության տարածքը և մի շարք քաղաքական ուժեր: Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրականացվող քայլերը Սահմանադրության և օրենքների դաշտում են:
Վերջինիս խոսքով՝ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է, իսկ առկա դժգոհություններն իրենց կողմից հաշվի են առնվում: Պատգամավորը նշեց նաև, որ ուշի ուշով կհետևեն ՍԴ-ում ընթացող գործընթացներին:
Ստեփան Սաֆարյանն էլ իր խոսքում նշեց, որ իշխանությունը միայն մի հարցում էր ճիշտ, որ պայքարը երկրորդ տեղի համար է, սակայն այս պայքարի մեջ տարբերություն կա՝ այս անգամ իշխանության թեկնածուն է հայտնվել երկրորդ տեղում:
Համեմատելով նախկին և ներկա ընդդիմությունների գործողությունները՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության խողովակները՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի: Լևոն Տեր-Պետրոսյանը դաշտը բաժանում էր սևերի ու սպիտակների: Այս տարբերությունն է նրանց միջև»: