Հետխորհրդային երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան, այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Բացման խոսքում ԵՄ դեսպանը նշեց, որ սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: «Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է, դա ուժեղ ներուժ է:

«Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է»,- ասաց դեսպանը և նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ նոր օրենքը ստեղծարար, ինչպես նաև ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է բացում նրանց համար:

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ այս ,իջոցառմանը ներկա է գտնվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնառության տեսանկյունից, բնականաբար, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը` կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը արտահայտի, եւ ես այստեղ եմ, որ ասեմ`մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես եւ անկեղծ համագործակցելու: Եւ սա հայտնում եմ վարչապետի խոսքը` ողջ կառավորության անունից»: