Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,-պարզաբանեց Հարությունյանը:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Սահմանադրական այս կարգավորումներին համահունչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով սահմանվել են վարչապետի բացակայության տարբեր դեպքեր, այդ թվում՝ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելուն վերաբերող իրավակարգավորումները:

Վարչապետի հրաժարականի հետևանքով առաջացել է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն, ինչն օրենքով սահմանված կարգով ամրագրվել է 2018 թվականի ապրիլի 23-ին կառավարության անդամների երկու երրորդով ընդունված թիվ 470-Ա որոշմամբ: Այս պարագայում, համաձայն վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման՝ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ իրականացնելով վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրավիրված հանրահավաքում հայտարարել էր. «Վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»: