Այսօր լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ: 

 

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի 100-օրյա գործունեությունը: 


-Եթե մենք հետ ենք գնում, ապա 2014 թվականին վարչապետի փոփոխությունը հետևանք էր համաժողովրդական ճնշման, երբ ԱԺ-ում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն էին ցանկանում քննարկել: Իշխանությունները, փաստորեն, ստիպված գնացին զիջումների և կատարեցին փոփոխություններ, քանի որ մտահոգված էին, որ այդ ճնշումը կարող էր ավելի ուժեղանալ: Իսկ այս տարի վարչապետի փոփոխությունը տակտիկական քայլ էր Սերժ  Սարգսյանի կողմից, ինչ-որ տեղ հարվածն իր վրայից գցելու: Ինքը, կարելի է ասել, մտահոգություն ուներ Հովիկ Աբրահամյանին մինչև 2018 թվականը վարչապետ թողնելու, որովհետև անկախ ամեն ինչից՝ վերջինս լուրջ ազդեցություն ունի Հանրապետականների շրջանում և Սերժ Սարգսյանը վստահ չէր, որ կարող էր փափուկ կերպով հետ գալ վարչապետի պաշտոնին: Դրա համար՝ Կարապետյանը նշանակվեց: Կարծես՝ նա Ռուսաստանի մարդն է, բայց ես չեմ կարծում, որ նա Ռուսաստանի մարդն է: Ուրիշ հարց է, որ Ռուսաստանը դեմ չէր, որ իր ինչ-որ հիմնարկի աշխատողին նշանակեն վարչապետ: Սերժ Սարգսյանի համար վարչապետի փոփոխությունը ժամանակ շահել էր, իսկ Հանրապետականում՝ ուժերի բաժանում: Ամեն դեպքում՝ Հանրապետական մտնելով, վարչապետը փորձում է թիմ ձևավորել: Իսկ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է բաժանել: Բաժանի՛ր, որ տիրես: 

 

-Իսկ կոնկրետ վարչապետի գործունեությունը՝ խոսքից գործի անցա՞վ, թե՞ մնաց հայտարարությունների մակարդակի:


-Վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնուրույն ֆիգուր չէ: Եթե նա ասում է՝ ես խորին հարգանքով եմ վերաբերվում նախագահին, դա արդեն նշանակում է, որ ինքն ազատ չէ: Իսկ այն, որ ինքը տարբեր մարդկանց փոփոխություններ արեց, օլիգարխներին ինչ-որ կերպ ճնշեց, դա Սերժ Սարգսյանի ցանկությունն էր: Եթե նա չցանկանար, չէր լինի այդպես: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն արդարանում է, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի մարդն է, ու ինքը ոչինչ չի կարող անել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը մրցակցային չէ, գումարները, որոնք եկել են դրսից, նպատակին չեն ծառայել: Կարեն Կարապետյանը, երբ ասում էր պրիմիտիվ գողություններ են եղել, ես ասում եմ՝ ոչ, ավելի մեծ գողություններ են եղել: Առաջին հայացքից՝ ինքը շատերի մոտ հույս ներշնչեց, բայց քաղաքացիների հետ շփումներում մենք տեսնում ենք, որ բոլորն էլ հիասթափված են, հասկանում են, որ ոչինչ, ըստ էության, չի փոխվել: Կարեն Կարապետյանը էական ոչինչ չի արել: Ընդամենը խոսքեր են. վարչապետը հարցազրույցներով, շոուներով փորձում է ցույց տալ, որ ինքն ազատ մարդ է, բայց ազատությունը պահվածքի մեջ չէ: Ազատությունը գործունեության մեջ է, իսկ մենք հասկանում  ենք, որ նա ազատ վարչապետ չէ: 1997 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց վարչապետ, ինքը շատ ավելի ազատ էր, չնայած որ խորհրդարանում իր մեծամասնությունը չուներ, բայց կադրային ու գործունեության հարցում նա շատ ավելի ազատ էր: Կարեն Կարապետյանը, մտնելով ՀՀԿ, ավելի սահմանափակեց իր ազատությունը: Նա հերթական զոհն է լինելու, երբ հարմար պահը գա: 

 

Քրիստինա Աղալարյան