Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկում է Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանում ռուսաց լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի մեր երկրում տրված վարորդական իրավունքները հնարավոր լինի նաև կիրառել Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է TASS լրատվականը:

«Ես կարող եմ միայն մեկ բան ասել, ամրապնդե՛ք ռուսաց լեզուն, տվե՛ք պաշտոնական կարգավիճակ, որպեսզի Հայաստանում տրված վարորդական իրավունքներն ունենան օրենքի ուժ նաև Ռուսաստանում»,-այս մասին պաշտոնյան ասել է այսօր ՌԴ մեկնած հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցում: 

Հիշեցնենք, որ Հայաստանում տրված վարորդական վկայականներն, ըստ 2017 թ հուլիսի 1-ի ՌԴ նոր օրենքի, այսուհետ Ռուաստանի Դաշնությունում չեն կարող կիրառվել:

Ըստ այս նոր օրենքի՝ Ռուսաստանում այսուհետ կարող են կիրառվել միայն այն պետությունների վարորդական վկայականները, որտեղ ռուսաց լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ և ամրագրված է սահմանադրությամբ: