Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ում գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պետական այցով գտնվում է ՌԴ-ում:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին աջակցության և ԵԱՀԿ Մինսկի խմբում այն մոտեցման համար, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն: Մենք գտնում ենք, որ այլընտրանքներ չկան: Եվ մենք պետք է հարցը լուծենք բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով, քննարկման ճանապարհով, այն մոտեցումների ճանապարհով, որոնք վայել են քաղաքակիրթ պետություններին»,- ասել է Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հուլիսի 4-ին Արցախի նկատմամբ կրկին իրականացվել է սադրանք: Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ ռմբակոծությունից տուժում է խաղաղ բնակչությունը: