Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի, իրավապաշտպան Պետեր Ստոյդթների կալանավորումը նոր լարվածության պատճառ է դարձել թուրք-գերմանական հարաբերություններում: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:
Ակնկալվում է, որ հուլիսի 20-ին Գաբրիելը հանդես կգա հայտարարությամբ՝ պատասխանելով Գերմանիայի քաղաքացուն կալանավորելու թուրքական կողմի քայլին: Նախքան հայտարարություն անելը նա խորհրդակցություն է անցկացնելու արտգործնախարարությունում:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Գերմանիան Թուրքիայի դեմ, սակայն Սոցիալ դեմոկրատների կուսակցության ղեկավար ու կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը կարծիք է հայտնել, որ Զիգմար Գաբրիելը կարող է բարձրացնել Թուրքիա այցելելու նախազգուշացման մակարդակը:
Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:
Շեֆերը բացարձակապես անհիմն է անվանել իրավապաշտպանին ահաբեկչական խմբավորման հետ կապելու մեղադրանքները:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով: