ՀՀ Սփյուռքի նախարարությունում հուլիսի 24-ին տեղի է ունեցել հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
6-րդ փուլում ծրագրին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա):
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց արիտունցիների ծնորղներին ու մանկավարժներին՝ նախարարությանը վստահելու և իրենց երեխաներին Հայրենիք ուղարկելու համար: «Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որոնք իրենց հարկի տակ 10 օր շարունակ պահում և հոգ են տանում ձեր մասին, - նշեց Սփյուռքի նախարարը՝ նկատելով, - այս պահին «Արի տուն»-ը թևակոխել է ամենաակտիվ փուլ, երբ Հայաստանում է շուրջ 300 մասնակից: Բարո՛վ եք եկել Հայրենիք»:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջ աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ արիտունցիների տունն է: «Ուրախ կլինենք, եթե որոշեք ձեր կրթությունը շարունակել Հայրենիքում, քանի որ Հայաստանի բուհերում նույնպես ապահովում են որակյալ կրթություն», - նշեց նա:
Այնուհետև նախարարը ամենակրտսեր մասնակցին՝ Սերոբ Գևորգյանին (Ռուսաստան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը: Սերոբը նշեց, որ իրեն սիրով են ընդունել հյուրընկալող ընտանիքում և ինքը պատրաստվում է անմոռանալի օրեր անցկացնել Հայաստանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանից Աննա Մացակյանը ներկաներին զարմացրեց իր պարային կատարմամբ: Հայ ազգագրական երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան ծրագրի մյուս մասնակիցները: