Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվելիք «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը կհյուրընկալվի ՀՀ վարչապետի տանը:

 

Այս մասին  տեղեկանում ենք Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից, որում վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայտնում է իրենց մտադրության մասին: «Մենք սիրով պատրաստվում ենք հյուրընկալել այդ երեխաներից մեկին: Հուսանք, որ նրան կարող ենք լավ ժամանակ պարգևել, կարող ենք իր հետ անցկացնելու ժամանակ գտնել: Եթե ոչ վարչապետն ու ես, ապա մեր երեխաները սիրով կհյուրընկալեն նրան տասն օր շարունակ: Մենք մեծ ցանկություն ունենք հիանալի զգացողություններ ու հիշողություններ պարգևել մեր հյուրին»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հորդորելով Երևանում ու մարզերում ապրողներին դռները բաց պահել սփյուռքից ժամանող երեխաների համար:

 

Նախարարն էլ տեղեկացրեց, որ այս տարի շուրջ 500 դեռահասներ են գալու հայրենիք՝ մասնակցելու «Քայլ դեպի տուն» ծրագրին և կոչ արեց Հայաստանում ապրող ընտանիքներին դառնալ հյուրընկալ և իրենց հարկի տակ ընդունել սփյուռքահայ պատանիներին:

 

«Այս պահին դեռևս 200 ընտանիքի կարիք ունենք, որպեսզի միանան ծրագրին ու դառնան հյուրընալ»,-հավելեց Մխիթար Հայրապետյանը:

 

Նախաձեռնությունը կանցկացվի օգոստոսի 10-ից 24-ը, որից 10 օրը մասնակիցները կապրեն հյուրընկալող ընտանիքներում: