Հուլիսի 23-29-ին Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ և փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից:
Ցուցադրումների ընթացքում հայ և իրանցի կինոգործիչների և փորձագետների մասնակցությամբ անցկացվեցին քննարկումներ՝ նվիրված հայկական կինոյի պատմությանը, կինոարտադրությանը, կինոյի զարգացման ժամանակակից միտումներին:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստան-Իրան մշակութային համագործակցության համատեքստում բարձր գնահատելով հայկական ֆիլմերի շաբաթվա նշանակությունը, ընդգծեց նմանօրինակ միջոցառումներն պարբերական դարձնելու հայկական կողմի հանձնառությունը: Հայկական ֆիլմերի շաբաթվա արդյունքների ամփոփման ժամանակ դեսպան Թումանյանը նշեց. «Հայ մշակույթը և Հայաստանը Իրանում պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է, և այդ առումով այս միջոցառումը կարևոր քայլ էր»:
ԱԳՆ