Զարգացման եվրասիական բանկը ԵՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր: Կասկածից վեր է, որ այդ միավորի դերում հանդես կգա ռուբլին: Սա ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի դեմ տնտեսական և քաղաքական լծակներ ձեռք բերելու Մոսկվայի հերթական փորձն է: Քաղաքական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ սա ռուսաց լեզվի քաղաքականության շարունակությունն է, միայն ավելի նուրբ և ռիսկային հարթակում: Չմոռանանք, որ պատմականորեն ձևավորված փաստ է՝ երկրի ինքնիշխանության խորհրդանիշը նրա հատած դրամներն են: Քաղաքական տեսանկյունից Մոսկվան թիրախավորել է հենց ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանության հարցը:
 
Տնտեսության տեսանկյունից Հայաստանի համար ռիսկերը շատ ավելի մեծ են: Պարզ օրինակ՝ գազի եւ այլ «ստրատեգիական ապրանքների» առեւտրում ռուբլու անցնելու դեպքում մեր դոլարիզացված շուկան կռուբլիզացվի:Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ փոխվելու է մեր դրամավարկային քաղաքականությունը: Եթե մինչեւ հիմա դրամի փոխարժեքը կապված է ամենակայուն արտարժույթի` դոլարի հետ, հետո պետք է կապվի ամենաանկայունի` ռուբլու հետ: Դրա բոլոր հետեւանքները այսօր դժվար է գնահատել, բայց որ դրանք խիստ բացասական են լինելու, կասկածից վեր է: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ունենալ դրամի մի փոխարժեք, երբ մեկ դոլարի գինը 840 դրամ է: Թերեւս ոչ: Եվ հետո` Ռուսաստանի հետ առեւտուրը մեր արտաքին ընդհանուր առեւտրի մեջ նույնիսկ 1/3-ը չի կազմում: Բայց խնդիրն ուրիշ տեղ է: Եթե Ռուսաստանն անցնի ռուբլու կարգավորված փոխարժեքի, իսկ Ռուսաստանն այս ամենն անում է՝ ի վերջո այդ համակարգին անցնելու համար, այդ դեպքում նա այնպիսի համամասնություն կարող է սահմանել, որ մենք կտուժենք, կամ ստիպված պետք է անցնենք մեր փոխարժեքի կարգավորվող կուրսի, որն անհնար է ու վտանգավոր: Ստացվում է, որ Ռուսաստանն, ի վերջո, քայլ առ քայլ արժույթի ու դրամավարկային քաղաքականության վերահսկողության խնդիրներ է առաջ տանում:
 
Միասնական արժույթի անցնելու համար պետք է համադրելի լինեն ԵՏՄ երկրների տնտեսական աճը, մեկ շնչի հաշվով եկամուտները, գնաճը, ազգային արժույթների կայունությունը պետք է որոշակի ինտերվալներում լինի, վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, բյուջետային ցուցանիշները, արտաքին պարտքն ու դրա սպասարկման հնարավորությունները և այլն: ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունն ավելի կմեծանա, եթե ձևավորվեն ընդհանուր շուկաներ: Օրինակ՝ նախաձեռնություն կար, այսպես կոչված, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին, բայց այս հարցում, նույնպես, տեղաշարժեր չկան:
 
Միասնական արժույթի անցնելը բացասական երանգ կտա նաև Հայաստան-Իրան և Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնք վերջին շրջանում զարգացման լայն թափ են առել: Եթե Հայաստանը կարող է ակնկալել դրական արդյունքներ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, ապա դրանք կարող են լինել միայն Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու դեպքում: Դրա արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Իրանի եւ ԵՏՄ այլ երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար եւ կարող է մեծ օգուտներ քաղել դրանից: Իր հերթին ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կհետաքրքրի միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով: ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրներն, առանց բացառության, ձգտում են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և այլ կողմերի միջև: Օրինակ՝ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն, իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև:
 
Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության, Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ: Այս պարագայում, երբ եռակողմ համագործակցության ֆորմատը կարծես թե չի աշխատում՝ Հայաստանի իշխանությունները պետք է հազար անգամ մտածեն, և նոր միայն կատարեն այնպիսի քայլեր ,որոնք կարող են բացասական ազդել Իրանի և ԵՄ հետ առևտրային, տնտեսական, քաղաքական համագործակցության վրա:
 
Ստելլա Խաչատրյան