Ծնվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը՝ 3 կգ 570 գր քաշով և 50 սմ հասակով՝ Արթուր Քաջիկի Սիմոնյանը։ Այս մասին ասաց Ազատի և փոքրիկի քույրը՝ Ջեմմա Սիմոնյանը, ում ծննդյան օրն է ծնվել Արթուրը։ 

«Մայրս ու փոքրիկը իրենց լավ են զգում և այս պահին գտնվում են շատ լավ վիճակում։ Փոքրիկին դեռ չեմ տեսել, բայց անչափ ուրախ եմ ու հուզված, որ իմ ծննդյան օրն է ծնվել։ Այդ օրը նրա ծնունդն ամենամեծ ու լուսավոր նվերն է ինձ համար»,- ընդգծեց Ջեմման։ 


Փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 6-ին ժամը 22:45 «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր։ Ազատն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհետ կորած, ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն է։