ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության հետ կապված որեւէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից չի ստացել:
Լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության մասսայական դեպքեր են գրանցվել: Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ Դսեղի համայնքապետը հայտնել է, թե գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով:
Հանրապետությունում կենդանիների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի ստացվել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել, հետևաբար հրապարակման մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն, առավել ևս՝ առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է լրատվամիջոցի կողմից հրապարակված ահազանգը: