«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց հանրային պաշտպան ներգրավել, քանի որ պաշտպանները ներկա չեն նիստին: Սակայն Սեֆիլյանը հրաժարվեց առաջարկից՝ ընդգծելով, որ իր պաշտպանները ոչ թե բացակայում են, այլ իրենց խուզարկությունների պատճառով չեն կարողանում ներկա գտնվել դատական նիստին:

 


«Ես որևէ անհատական խնդիր չունեմ պարոն Բեգլարյանի հետ, հարգում եմ նրան, բայց Ձեր տեսակետը իմ իրավունքների խախտում է, քանի որ իմ պաշտպանները, ոչ թե բացակայում են, այլ՝ Ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն նիստին», - ասաց Սեֆիլյանը։
Տաթևիկ Գրիգորյանը, սակայն, հակադարձեց և հորդորեց իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ չանել. «Դուք եք Ձեր պաշտպաններին ասել, որ Ձեր բացակայությամբ նիստերին չգան»:
Դատավորը Սեֆիլյանի կամքին հակառակ՝ վերջինիս գործով հանրային պաշտպան նշանակեց Էմին Բեգլարյանին:
Հանրային պաշտպան Էմին Բեգլարյանն էլ իր հերթին դատարանից ժամանակ խնդրեց ամբաստանյալներին հանդիպելու և նրանց դիրքորոշումը հասկանալու համար:

 


Դատարանը հեռացրեց Սեֆիլյանին նիստերի դահլիճից։
Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը հետաձգվեց։
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

 


Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 


Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:
Այս գործով 7 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ «Տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։