«Ես այցելել եմ քրեակատարողական հիմնարկ, փորձել տեսակցել նրանց հետ, բայց նրանք համաձայնություն չեն տվել հանրային պաշտպան ներգրավելու համար»,- ասաց փաստաբանը:
Մարինե Թովմասյանը դատարանին խնդրեց վերանայել սանկցիա կիրառելու որոշումը և Սեֆիլյանին ու Պողոսյանին բերել դատարան, որպեսզի ինքը կարողանա իրականացնել վերջիններիս պաշտպանությունը, հակառակ դեպքում՝ ցանկացած հարցի վերաբերյալ՝ զրկված է լինելու որևէ դիրքորոշում հայտնելուց. «Եթե ես շարունակեմ դատարանում հանդես գալ առանց իմ պաշտպանյալի ներկայության, ապա իմ ներկայությունն այսուհետ կրելու է ձևական բնույթ: Եթե դատարանը գտնում է, որ պաշտպանի ֆիզիկական մասնակցությունը բավարար է արդարություն իրականացնելու համար, ապա թող համապատասխան որոշում կայացնի»,- ասաց նա:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց սանկցիաները վերացնելու մասին՝ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ նշելով, որ կիրառված սանկցիաներն իրավաչափ են և ինքնանպատակ չեն, քանի որ մինչև դատարանի դահլիճից ամբաստանյալներին հեռացնելը, նրանց մի քանի անգամ ներկայացվել է դատավարության կարգը, սակայն նրանք շարունակել են խախտել այն:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցվել: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ: