Վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Փաստաբանները միջնորդել են փոխել նրանց խափանման միջոցը:
Մեծ թվով քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի շենքի դիմաց:
Նշենք՝ նախորդ նիստը չէր կայացել, քան որ ամբաստանյալներին չէին բերել դատարան:
Քիչ առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին Կոնջորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում.
«Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:
Ավելի վաղ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գևորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Տեսանյութը՝ 1in.am-ի: