Խոշոր գործարար, կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը մերժել է: ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
Միջնորդությունը ներկայացվել էր Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի պատճառով:«Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ, Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ` վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել:
Ընդ որում, օրեր առաջ դատախազությունում հրավիրված Ս. Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի ընդունելության արդյունքներով ցուցում էր տրվել վարույթն իրականացնող մարմնին` Ս. Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքների հայտնի դառնալուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Ի դեպ, այս գործով երեկ Ոստիկանությունում բացատրություն է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս Մայրապետյանի գործով վկայի կարգավիճակ ունի և գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին տված ասուլիսում Սիլվա Համբարձումյանը Մայրապետյանի անվան հետ կապված նշել էր. «Ես 2008 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ն ունեմ կանխիկացում՝ 14 մլն դրամ, 800 մլն դրամ և փոխանցում: Երբ Մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել, ովքե՞ր են գումարներ ունեցել, ես դրա համար եմ կանչվել ոստիկանություն: Ասել են, թե ինչո՞ւ եմ Մայրապետյան Սամվելին 2 մլն դոլար փոխանցել»:
Հիշեցնենք՝ գորածարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։