ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի:

Սամվել Բաբայանի աջակիցներից, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշեց, որ միջնորդությունն այս պահին իր ձեռքում է և այսօր այն պատրաստվում է ներկայացնել վճռաբեկ դատարան:

 

Երաշխավորագրում մասնավորապես ասվում է. «Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ վերջինս մինչև գործի վերջնական ավարտը թույլ չի տա որևէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ լրագրողների հետ զրույցում շարունակեց պնդել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակ տեսակետին:

«Ինձ հայտնի չէ մի փաստ, երբ միջազգային իրավական փաստաթղթով սահմանված ձևակերպմանը համապատասխան որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ: Ստացվում է՝ բոլորս մեջբերում ենք քաղաբանտարկյալի սահմանումը, բայց հենց հերթը հասնում է մեկնաբանություններին՝ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպում եմ մեկնաբանությունների՝ եթե մեկը զբաղվել է քաղաքական գործունեությամբ, քաղաքական գործիչ է, նրան վերագրվեց մեղսագործության կատարում, ուրեմն նա պարտադիր քաղբանտարկյալ է: Դա այդպես չէ : Ում մեղադրանք է առաջադրվում՝ նկարագրելով արարք, ապա դրան համապատասխան կետ կա քրեական օրենսգրքում»,- ասաց Գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ այս ընթացքում պետք է այնպես անել, որ նաև մեր դատարանի դերը չնսեմացվի:

Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազության հարևանությամբ՝ Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Սամվել Բաբայանի աջակիցները: Երկրում ստեղծված նոր իրավիճակում ցուցարարները դատական երրորդ՝ վերջին ատյանից պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին: