ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հետ այն մասին, թե որտե՞ղ վրիպեց Ժիրայր Սեֆիլյանը:

- Պարոն Պեպանյան, մեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ պատրաստ եք զրուցել նաև այն մասին, թե որտե՞ղ վրիպեց Ժիրայր Սեֆիլյանը։ Եվ այսպես՝ որտե՞ղ։         

- Հարցին պատասխանելու համար ստիպված եմ հեռվից գալ։ Մեր իրականության այսպիսին լինելը որոշվում է մի շարք խորքային երևույթների ազդեցության հետևանքով։ Նշեմ դրանցից կարևորները։ Առաջին հանրապետության տարիներին երկրում տիրած քաոսի պատճառները քննելով՝ մի խումբ մտածողներ  փաստեցին, որ օտարի լծի տակ գտնվելու դարերի ընթացքում մեր ժողովուրդը հոգեբանական որոշակի շեղումների է ենթարկվել, կորցրել է իր բնատուր հատկանիշները, ձեռք բերել նորերը, որոնք հիմնականում պիտանի չեն սեփական պետություն կառուցելու համար։ Նրանք ժողովրդի մտածողության վերափոխման հարց բարձրացրին, սակայն այդ հարցն այդպես էլ մեր քաղաքական մտքի օրակարգ չմտավ։ Ու մենք անկախության հասանք՝ այդ բեռը մեր հետ բերելով։ 1990-ին մեր առաջին խնդիրը պիտի լիներ ազգային մտածողության վերափոխում իրականացնելը, բայց դրա փոխարեն որոշեցինք անցնել կապիտալիզմի՝ հույս ունենալով ապրել Եվրոպայի պես բարվոք կյանքով։ Որոշեցինք՝ չիմանալով, թե կապիտալիզմն իր կայացման մանկության փուլում որպիսի ավեր ու աղետ է բերում անպատրաստ ժողովրդին․ մշակութապես ստորին շերտերը դառնում են ունեցվածքի տեր, ներթափանցում իշխանական համակարգ, ժողովուրդը սոցիալական աղետի է մատնվում, փշրվում են կյանքը կարգավորած ավանդույթները, երկիրը վերածվում  է քաոսի։

Ասեմ, որ քաղաքագիտությանը սա հայտնի էր դեռ 19-րդ դարի վերջերին, իսկ մենք անտեղյակ էինք այդ վտանգներին։ Բայց քանի որ մենք նաև անցյալի բեռ էինք կրում մեզ հետ, ապա, ինչպես և կարելի էր սպասել,  բացասական հատկանիշների հրավառություն եղավ, քաոսը դարձավ կատարյալ և հայտնվեցինք անկման պրոցեսի մեջ։        

Այս ամենը մեր քաղաքական այրերը չգիտակցելով՝ կատարեցին հաջորդ կործանարար սխալը։ Նույն 19-րդ դարի վերջերին քաղաքագետներին հայտնի էր, որ նման անկումային վիճակում գտնվող ժողովուրդները եթե դրսից ներմուծեն ժողովրդավարական օրենքներ, ապա դա պատճառ կդառնա  անկման ուժգնացման ու կսկսվի արդեն գահավիժում․ կլինեն քաղաքական բախումներ, ներքին լարվածությունը սոսկալիորեն կահագնանա և դրական արդյունքներ չարձանագրելով՝ ժողովուրդը կմատնվի խոր անհուսության, երկիրը կկանգնի կործանման վտանգի առաջ։        

Սկսած 1997 թվականից, ես ահազանգ եմ հնչեցնում  այս մասին, պնդում, որ դասական քաղաքական պայքարը  մեր այս վիճակի համար հակացուցված է, վնասակար ու կարող է երկրի վերացման տանել։ Մենք մեր քաղաքական անգիտության պատճառով 1990-ից հայտնվել ենք թակարդի մեջ ու որքան շատ շարժվենք պայքար-պայքարի ուղղությամբ, այնքան պարանն ավելի ու ավելի ամուր է սեղմելու մեր պարանոցը։

- Իսկ ի՞նչ եք առաջարկում այդ դեպքում քաղաքական գործիչներին, նրանց, ովքեր դժգոհ են իրականությունից։

- Որպեսզի կարողանաք վերափոխել իրականությունը, պիտի նախևառաջ կարողանաք ճանաչել այդ իրականությունը։ Հակառակ դեպքում դուք կվնասեք ժողովրդին։ Այնպես, որ  եթե մենք ուզում ենք վերափոխել իրականությունը, ապա պիտի կարողանանք առաջարկել քայլերի այնպիսի մի համակարգ, որն ունակ կլինի հաղթահարել վերը նկարագրված բացասական երևույթների արդյունարար ազդեցությունը։ Համաշխարհային փորձը զննելով՝ դեռ տարիներ առաջ առաջարկել եմ նման մի համակարգի ուրվագիծ: Այդ համակարգը քաղաքական կոշտ պայքարի փոխարեն առաջարկում է արժեհամակարգային մրցակցություն՝

ա) ստեղծվում է այլ արժեհամակարգ կրող, ինքնավար  կառույց, որն ընդլայնվելով՝ հետզհետե որոշիչ դիրք է գրավում հասարակական հարաբերություններում ու հասնում իրականության վերափոխման։ Դա հաջողելու ու նաև ժողովրդին հազարամյա թմբիրից հանելու, ձեռքբերովի բացասական  հատկանիշներից ազատելու նպատակով արվում են մի  քանի տասնյակ քայլեր ևս, որոնցից ամենակարևորն են՝

բ)  հայության առջև դրվում է Գերնպատակ ու իրականացվում է մարդկանց տոգորում այդ Գերնպատակով,

գ) իշխանությունների հետ հաստատվում են ռացիոնալ հարաբերություններ, որպեսզի նրանք ևս այս կամ այն չափով ողջունելով Գերնպատակը՝ սատարեն նոր արժեքների ներթափանցմանը հանրային կյանք։ Իսկ նվազագույնը՝ գոնե չխանգարեն՝ դրա մեջ իրենց սպառնացող վտանգ չտեսնելով։      

2009, թե 2010 թվականին ինձ հնարավորություն ընձեռվեց պահպանողական հեղափոխություն կոչվող այդ համակարգը ներկայացնել «Սարդարապատ» նախաձեռնության ակտիվին։          

- Եվ ինչպե՞ս ընդունվեց  Ձեր առաջարկը։      

- Ասեմ, որ իմ այդ ելույթը քաղաքական այլընտրանքային պայքարի վերաբերյալ առաջին ելույթն է եղել Երրորդ հանրապետությունում․ մարդիկ դեռ տոգորված էին կոշտ պայքարի մեթոդներով, այնպես որ՝ մեծ ակնկալիքներ չունեի։ Սակայն իմ այդ ելույթից որոշ ժամանակ անց՝  ինձ տեղեկություններ հասան, որ Սեֆիլյանը նոր նախաձեռնություն է հիմնում, որի հիմքում նաև իմ կողմից հնչեցված դրույթներից կային։ Ես չեմ պնդում, թե հենց իմ գաղափարն էին նրանք իրականացնում։ Այստեղ ընդհանրապես հեղինակային իրավունքի խնդիր չկա։ Իմ առաջարկած համակարգը ես չեմ հորինել, որ հեղինակային իրավունքի հարց բարձրացնեմ։ Ընդհակառակը, ես ուրախացա, որ «Վերելք» ակումբից բացի քաղաքական այլ միավոր էլ է զբաղվում այդ հարցով։         

Մի որոշ ժամանակ անց հրավեր ստացա՝ հանդիպել Սեֆիլյանի հետ։ Նա ինձ ցույց տվեց Նախախորհրդարանի հիմնադրման հռչակագրի տեքստը։ Այն իր մեջ ընդգրկում էր նաև վերը նշված ա/ կետը, ես հավանեցի հռչակագիրը, բայց և առաջարկեցի մեղմել իշխանությունների հասցեին տեղ գտած կոշտը որակումները, քանի որ գ/ կետի տեսանկյունից մարտավարական սխալ էր։ Առաջարկս ընդունվեց։ Հետո  հայտարարվեց Նախախորհրդարանի ստեղծման մասին, որը արժեհամակարգային ինքնավար կառույց պիտի լիներ։         

Մի քանի ամիս անց, երբ Նախախորհրդարանի կազմն արդեն ձևավորվել էր, հրավեր ստացա ներկա գտնվել այդ նախաձեռնության նիստերից մեկին։ Այդ նիստի ժամանակ քննարկվում էին կառույցի հիմնական փաստաթղթերը։ Ասեմ, որ հիացած էի կատարված աշխատանքով, իմ խոսքում ասացի այդ մասին,  սակայն կրկին ուշադրություն հրավիրեցի իշխանությունների հասցեին տեղ գտած կոշտ ձևակերպումների վրա, հիմնավորելով մարտավարության տեսանկյունից դրանց ոչ ճիշտ լինելը։ Առաջարկս մասնակիորեն ընդունվեց։         

Դրանից հետո ամեն առիթով հրապարակայնորեն դրվատանքի խսքեր եմ ասել Նախախորհրդարանի մասին։ Նկատեմ, որ թերևս դա միակ քաղաքական նախաձեռնությունն  է, որի կողմից մտավոր աշխատանք է կատարվել, մասնավորապես՝ ապագա պետության հայեցակարգի վերաբերյալ։    

Որպեսզի նախաձեռնությունը հաջողություն ունենար, այն կառավարողները պիտի աշխատանքներ տանեին բ/ կետի ուղղությամբ ՝ազգի առջև Գերնպատակ դնել ու մարդկանց տոգորել այդ գաղափարով։ Սակայն ես չէի նկատում նման աշխատանք։ Սա Սեֆիլյանի վրիպումներից մեկն էր․ առանց այդ պահանջի իրականացման անհնար է մտածողական նոր շարժում գեներացնել ու  բավարար թվով սատարողներ ապահովել։ Այս բացը լրացնելու փոխարեն Նախախորհրդարանը, որ մինչ այդ աչքի էր ընկնում իշխանությունների հանդեպ իր զուսպ պահվածքով, մի որոշ ժամանակ հետո կտրուկ շրջադարձ կատարեց իր ուղուց, հետզհետե վերածվեց արմատական ընդդիմադիր կառույցի և մտավ այն արահետի մեջ, որով մինչ այդ ընթացել էին ընդդիմադիր շարժումները և առանց բացառության՝ բոլորը ջախջախվել։  Սա ևս վրիպում է։ Երկրի վիճակը հաշվի առնելով՝ ես Սեֆիլյանի անհամբերությունը, որպես քաղաքացի, լրիվ հասկանում եմ, բայց որպես վերլուծաբան գտնում եմ, որ ինքը վրիպումներ թույլ տվեց։ Մի շարք պատճառներով Հայաստանում չկա իշխանություններին ուժով հեռացնելու ռեսուրս, և ափսոս էր Նախախորհրդարանի նման կառույցը, որը նորություն էր մեր քաղաքական կյանքում և սկզբնական շրջանում ընթանում էր ճիշտ ուղիով,  զոհաբերելը։ Կրկնում եմ՝ սա ես ասում եմ խոր ափսոսանքով։ 

Սոնա Հարությունյան