Մենք շնորհակալ ենք մեր պաշտպաններին, ովքեր կամավոր ընդգրկվել են այս գործի մեջ: Շնորհակալ ենք նաև ձեզ: Այս մասին այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո՝ դիմելով լրագրողներին, ասաց ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

 

«Մենք պայքարը շարունակում ենք: Մեր ընթացքը ընդամենը կարող են դանդաղեցնել, բայց դադարեցնել չի հաջողվի: Ուշ թե շուտ մեզ հաջողվելու է այս հանցավոր ռեժիմից ձերբազատվել: Մենք, ինչպես նախկինում խոստացել ենք, հիշեցնում ենք, որ մեզ հաջողվելու է այս ռեժիմից ձերբազատվել»,- ասաց Սեֆիլյանը:

 

Հարցին, թե համաձա՞յն է իրենց առաջադրված մեղադրանքին, Սեֆիլյանը նշեց. «Բնականաբար, համաձայն չենք, ամբողջ գործը խեղկատակություն է, ծայրից ծայր թատրոն է: Առաջիկա օրերին կբացենք փակագծերը, և բոլորն ականատես կլինեն այդ թատրոնին: Դասական հեղափոխության միջով ենք անցնում»:

 

Այն հարցին էլ, թե ի՞նչ են գտել, որի հիման վրա ասում են, թե հանցագործություն էր նախապատրաստվում, որը կանխվել է, Սեֆիլյանը պատասխանեց. «Հանցավոր զենքեր են գտել՝ ջերմուկի շիշ, սոդա, դրոշակներ են առգրավել»:

 

Սեֆիլյանի խոսքով՝ կարևորն այն է, որ պայքարը շարունակվում է, իսկ եթե կան ձախողումներ, ապա դրանք մարտավարական նահանջ պետք է դիտարկել: