Երևանի Դավիթաշեն թաղամասում 17-ամյա երեք քաղաքացու միջև դանակահարության դեպք է գրանցվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2000 թվականին ծնված երկու քաղաքացի:

«Պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացիները մարմնական վնասվածքներ ստացել են նույն օրը, Դավիթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին նաև՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: