Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Սա բացառապես կուսակցական որոշում էր և պայմանավորված էր այն փաստով, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին ակնկալված ձայները չստացավ:
Այստեղ ժողովրդագրական իրավիճակը տարեցտարի փոփոխվում է, սակայն ոչ հօգուտ ծնունդների թվի աճի: Մարզպետարանի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Գյումրիում 2016 թվականի առաջին կիսամյակում 716 երեխա է ծնվել, մինչդեռ այս տարի նույն ժամանակահատվածում՝ 123-ով պակաս ծնունդ է գրանցվել: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզում ծնելության աճի ապահովման համար 3 դեղատոմս է առաջարկում՝ մարդկանց աշխատանքով ապահովելը, բնակարանային խնդրի լուծումը և մայրերին որոշակի արտոնությունների տրամադրումը: Առաջարկելը՝ առաջարկում է, բայց կիրառել դրանք՝ չի շտապում:
Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը. 2017 թվականի առաջին կիսամյակում մարզում արձանագրվել է 632 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 544-ի փոխարեն: Սա կարծես նույնպես առանձնահատուկ մտահոգության առիթ չի հանդիսանում նորանշանակ մարզպետի համար:
Գյումրիում առկախված է անօթևանների խնդրի լուծումը: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր կարճ ժամանակահատվածում լուծել Շիրակի մարզում բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող անօթևան ընտանիքների խնդիրները: Կարճ ժամանակահատվածը 2015-16 թվականներն էին: Այս ընտանիքների թիվը 250-ն է, այնինչ՝ Գյումրում հաշվառված է 2500-2700 անօթևան ընտանիք: Իսկ մնացած անօթևանների խնդիրը ո՞վ պետք է լուծի: Թերևս նորանշանակ մարզպետը դրանից ավելի կարևոր գործառույթներ է առանձնացրել իր համար: Խնդիրները կուտակվել են, փոխարենը մարզում կատարվել է մեկ ուրիշ դարակազմիկ իրադարձություն: Վերջերս Շիրակի մարզից՝ Արթիկի կոմիտեությունից 7 նորագիր ընկերներ համալրել են ՀՅԴ շարքերը: Եվ սա իրապես մեծ հաղթանակ է: Նրանք երդում են տվել Դրոյի շիրիմի մոտ` ձեռքը «Մակարով» տիպի ատրճանակի վրա դրած: Ինչ խոսք՝ սա լուրջ թիվ է «Դաշնակցության» համար, և նախկին մարզպետը Արթուր Խաչատրյանից շատ բան ունի սովորելու՝ կուսակցության համար ձայն, ռեսուրս հավաքագրելու հարցում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կուսակցական մարզպետները, մոռանալով այն փաստը, որ առաջին հերթին ներկայացնում են մարզի բնակչությանը և առաջնորդվում վերջինիս շահերով, ընդամենը իրենց կուսակցությունների «փիառշիկների» գործն են սրբորեն կատարում: Եվ դա վերաբերում է բոլոր կուսակցություններին, պարզապես ՀՅԴ համար փիառվելու խնդիրը ավելի սուր է դրված: Մարզպետից շնորհակալություն կհայտնեն նաև 7 նորագիրների համար, հաշվի առնելով այն հոծ զանգվածը, որը լքել է և շարունակում է լքել «Դաշնակցության» շարքերը՝ վերջին տարիներին կուսակցության վարած քաղաքականության պատճառով:
Ստելլա Խաչատրյան