ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է  երգիչ, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը:

-Պարո՛ն Պողոսյան, շուտով՝  հոկտեմբերին, տեղի կունենա Կինոգործիչների միության նախագահի ընտրությունը: Այս պաշտոնի համար շրջանառվում է նաև Ձեր անունը: Արդյո՞ք հավակնում եք դառնալ Կինոգործիչների միության նախագահ:

-Բացարձակապես ո՛չ: Սա թյուրիմացություն է, որի սկիզբը չգիտեմ՝ որտեղից է դուրս գալիս. ինձ ոչ դիմել են, ոչ էլ ցանկություն ունեմ այդ պաշտոնին հավակնելու:

-Իսկ, եթե Ձեզ առաջարկեն դառնալ Կինոգործիչների միության նախագահ, դարձյա՞լ նույն պատասխանը կտաք, ինչո՞վ է պայմանավորված Ձեր կտրուկ հրաժարումը:

-Ես շատ օբյեկտիվ եմ վերաբերում իմ ունակություններին: Ես ավելի շատ գործող ստեղծագործող եմ, քան ադմինիստրատիվ աշխատակից:

-Այս պահին որպես տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում է նաև Կինոգործիչների միության նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի որդու՝ Վահե Գևորգյանցի անունը: Նրա պաշտոնավարմանն ինչպե՞ս կվերաբերվեք: 

-Դա ինձ համար անընդունելի է: 

-Ինչո՞ւ:

-Իսկ ինչո՞ւ պետք է ընդունելի լինի: Ո՞ր կետում է Ռուբեն Գևորգյանցի որդին իրեն դրսևորել որպես կինոգործիչ կամ ադմինիստրատիվ աշխատող, որ նրա թեկնածությունն էլ ինձ գոհացնի: 

-Ի դեպ, խոսելով իր թեկնածության մասին, Վահե Գևորգյանցը նշել էր, որևէ վատ բան չկա, որ մասնագիտությունն անցնում է հորից որդուն՝ շեշտելով, որ նախկինում էլ այս միությունը ղեկավարել է իր պապը:

-Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան, այս տենդենցը, որը ներմուծվել է Հայաստան, թյուրիմացություն և  տգիտություն է, բեսպրեդել է ռուսի ասած:

-Եթե անձերին թողնենք մի կողմ, որպես ռեժիսոր և դերասան, ինչպե՞ս կգնահատեք Կինոգործիչների միության աշխատանքն առհասարակ:

-Պարզապես ոչինչ տեղի չի ունենում: Սա մի միություն է, որտեղ տաքուկ վիճակ է, բոլորին ձեռք են տալիս պայմաններն ու միջոցները, և ոչ մեկին հետաքրքիր չէ հայ կինոն և հայ արվեստը: Ընդամենը «գալըչկաներ» են լրացրել և բավարարվել են դրանով, արել այնպես, որ աղմուկ չլինի և այսպես գոյատևել է մեր կինոմիությունը: Ես կառաջարկեմ, որ մինչ նոր տնօրենի ընտրությունը տեսչական ստուգում անցկացվի, տեսնենք և հասկանանք՝ ինչն ինչոց է և ի՞նչ է արվել: 

-Փաստորեն, 200 անդամ ունեցող Կինոգործիչների միությունն անգործությա՞մբ է զբաղված: 

-Ես կասեի՝ անտարբերությամբ: Ուղղակի մեր ժողովրդի նման են՝ ձայնները կտրած նստած են, մեկ-մեկ պոռթկումներ են լինում, սակայն նրանց սանձում են: Սա գիտակցված բանաձև է, որին տիրապետում են մեր ղեկավարները և կարողանում են ղեկավարել մարդկային ըմբոստությունն ու ճշմարտությունը: 

-Գուցե վախենում են սանձվեն և հեռացվե՞ն միությունից: 

-Ումի՞ց պետք է վախենան: Ո՞վ կարող է իրենց հեռացնել միությունից, ոչ ոք դրա իրավունքը չունի: Կամ, ասենք՝ հեռացվեցին, ի՞նչ կկորցնեն՝ ոչինչ, պարզապես այլևս օգնություն չեն ստանա: 

-Ստացվում է՝ անմխիթար վիճակո՞ւմ է Կինոգործիչների միությունը: 

-Մինչ օրս՝ այո՛ և ցավալի է, որ այս նույն ավանդույթները շարունակվում են նաև այսօր, ինչն ուղղակի տգիտություն է: 

-Որպես ստեղծված վիճակից ելք, ի՞նչ պետք է անել միության գործունեությունն ավելի արդյունավետ և նպաստավոր դարձնելու համար:

-Նվիրյալ է պետք է, ով կգա և ազնվորեն կնվիրվի, կբարձրացնի կինոմիության և նրա անդամների վարկանիշը, որից հետո  բոլորը հպարտությամբ կասեն, որ իրենք կինոմիության անդամ են:

Սա անելու համար իսկապես նվիրյալ է պետք:  

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի