Իրանի ազգային գազային ընկերության՝ միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն ասել է, որ դիտարկում են իրանական գազի Հայաստան մատակարարումն ավելացնելու՝ Հայաստանի հարցումը: Մինչ այդ էլ հայ-իրանական գազային գործակցության շուրջ Սերժ Սարգսյանն էր օգոստոսի 5-ին խոսել Իրան կատարած այցից առաջ։ Իրանական մամուլին տված հարցազրույցում նա նշել էր, որ հնարավոր են Հայաստան-Իրան նոր գազամուղի և իրանական գազը Եվրոպա տարանցելու հեռանկարը, Իրանը ցանկանում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումն ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն: Նա հիշեցրել է, որ այժմ Իրանը Հայաստան գազ է մատակարարում էլեկտրականության դիմաց։ «Մենք բանակցում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, Հայաստանը նախապատվություն է տալիս ռուսական գազին, որի գինն ավելի ցածր է, մենք չենք ընդունում այդ գինը»,- հայտնել է նա։

Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել ռուսականի նկատամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Իրանական կողմը բազմիցս հայտարարել է իրանական գազն ավելի ցածր գնով տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն անտեսում են այդ հայտարարությունները: Բավականին տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են ավելի թանկարժեք և կալորիականությամբ ցածր ռուսական գազն այն  դեպքում, երբ Իրանը կարող է ավելի էժան և բարձրորակ գազ ապահովել ինչպես կանխիկ միջոցների դիմաց, այնպես էլ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերներով; Հայաստանի իշխանությունները, որպես հաղթաթուղթ օգտագործելով այլընտրանքը իրանական գազի տեսքով, կարող են «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ սկսել և իջեցնել մատակարարումների սակագները: Իրանը բազմիցս հայտարարել է Հայաստանով և Վրաստանով Եվրոպա գազ արտահանելու ցանկության մասին, ինչը նույնպես ձեռնտու է Հայաստանին, քանի որ բացի էժան գազից, Երևանը նաև փող կստանա տարանցման դիմաց:

Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման պլանները ձախողելու նպատակով ադրբեջանական SOCAR ընկերությունը ոչ միայն համաձայնեց 500մլն խ/մ-ով ավելացնել Վրաստանին մատակարարվող գազի ծավալները, այլև էժանացնել սակագինը, ինչի հետ կապված՝ հայտարարվեց Թբիլիսիում համապատասխան պայմանագրի ստորագրման մասին: Սակայն պարզվում է, որ կամ վրաց-ադրբեջանական այս գործարքը չի կայացել, կամ էլ չնայած պայմանագրի ստորագրմանը, Վրաստանը, այնուամենայնիվ, որոշել է փոքր ծավալներով՝ օգտվել նաև հայկական տրանզիտի հնարավորությունից, թերևս՝ գազաէներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դրանով Ադրբեջանից իր կախվածությունը որոշակիորեն թուլացնելու նպատակով: Ի՞նչ կտա մեզ  այս պայմանագրի կնքումը. նախ՝ դա կնպաստի բյուջետային հավելյալ մուտքերի ավելացմանը, ինչը ներկայիս սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակում նշանակալի է: Երկրորդ՝ դրանով կճեղքվի թուրք-ադրբեջանական շրջափակումը և էականորեն կմեծանա Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը: Երրորդ՝ ավելի են սերտանում հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ: Եթե նկատի ունենանք նաև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու այս երեք երկրների (նաև Ռուսաստանի) անցած տարվա համատեղ նախաձեռնությունը, ապա ակնհայտ է դառնում, որ ձևավորվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցք, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային, այսպես կոչված, այլընտրանքային պրոյեկտների խաղացող: Մենք կապահովոգրենք մեզ նաև ՌԴ դեմ պատժամիջոցների հնարավոր հետևանքներից, որոնք միանշանակ իրենց բացասական ազդեցությունն են գործելու Ռուսաստանի ողջ էներգետիկ ոլորտի վրա:

 

Ստելլա Խաչատրյան