Կառավարության որոշմամբ Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց և վերջինիս տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործման համար: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյումրու թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշակերտների թվի նվազման, ինչպես նաև «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվող ավագ դպրոցի կրթական ծրագրով սովորողներին միավորելու անհրաժեշտությամբ:
Դպրոցի աշակերտների թվաքանակը տարեցտարի նվազում է: 2016-2017 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ: Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում աշակերտների բնականոն ուսումնական գործընթացը կազմակերպելու և համապատասխան մասնագիտական որակյալ կադրերով ապահովելու նպատակով՝ աշակերտները կտեղափոխվեն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, որը հետագայում աշակերտական համակազմ ձևավորվելու արդյունքում և իր մասնագետների, անհարժեշտության դեպքում նաև դպրոցի մասնագետների միջոցով անխափան կիրականացնի տվյալ դպրոցում մասնագիտական ուղղվածություն ունեցող սովորողների բնականոն ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմնադրամում մանկավարժություն սովորող ուսանողներին հնարավորություն կտա տվյալ դպրոցում իրականացնելու պրակտիկաները:
Գյումրու թիվ 3 ավագ դպրոցն ունի 39 աշխատող, որոնցից 21-ը ուսուցիչներ են, 4-ը՝ վարչական աշխատողներ, 14-ը՝ ուսումնաօժանդակ և տնտեսական աշխատողներ: