Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ: «Փաստինֆո» գործակալությանն այս մասին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի' 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամտյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:

Տնօրենը, իր լիազորությունների շրջանում օժտված լինելով վերահսկողություն իրականացնելու հանրակրթկան դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, համակարգելու և հսկելու մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ տնօրինումը, վերոնշյալ գումարը, ըստ նախաքննության նյութերի, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Հեղինակ:
«Փաստինֆո»