Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Դ. Զ.-ի, քաղաքացիներ Մելանյա Ս.-ի և Սասուն Մ.-ի դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ' ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Դ. Զ.-ն իր դիմումներում նշել է, որ դատախազությունում աշխատած ժամանակաշրջանում' 2012 թվականի հունվարին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալի միջնորդությամբ վերջինիս բարեկամուհուց վերցրել է 5000 ԱՄՆ դոլար' ամսական 10 տոկոս տոկոսադրույքով: Հետագայում այդ գումարի տոկոսները վճարելու համար պարտքով այլ անձանցից ևս գումարներ է վերցրել ու ընկել է ծանր կացության մեջ:
Պարզվել է նաև, որ Դ. Զ.-ն 04.07.2013-ին ազատվել է դատախազության համակարգից' իր դիմումի համաձայն և ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:
Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազի տեղակալը և վերջինիս բարեկամուհին, իրենց բացատրություններում ժխտել են նախկին դատախազին պարտքով կամ տոկոսով գումար տրամադրելու հանգամանքը:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ. Զ.-ն մինչև ԱՄՆ մեկնելը, չարաշահելով մի շարք անձանց վստահությունը, նրանցից տարբեր պատրվակներով գումար է վերցրել ու չի վերադարձրել:
Այսպես, Դ. Զ.-ն քաղաքացի Սասուն Մ.-ից վերցրել է 8000 ԱՄՆ դոլար և չի վերադարձրել, իսկ քաղաքացի Մելանյա Ս.-ից, սկսած 2011 թվականի ապրիլից, տարբեր պատրվակներով վերցրել է մոտ 55 000 ԱՄՆ դոլար և կրկին չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: