Կառավարության նիստի սկզբում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց վայոց Ձորի մարզում և Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհների մարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, օպերատիվ իրավիճակը և անդրադարձավ բացթողումներին: Կարապետյանը նշեց, որ օգոստոսի 10-ին Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Վայոց Ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին:
«Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Ե՛վ Խոսրովի անտառում, և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներդրված համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել հրդեհի առավել մեծ տարածումը»,-ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով, իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով և 3,5 կմ խորությամբ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-26 ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:
Քանի որ հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել՝ փոխնախարարը ևս մեկ դիտարկում արեց. «Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից ԱԻՆ վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը, հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ և Բնապահպանության նախարարը գտնվում են Վայոց Ձորում՝ ակտիվորեն ներգրավված լինելով աշխատանքներում: «Խնդիրը գտնվում է հանրապետության Նախագահի և Վարչապետի անմիջական հսկողության ներքո և, կարծում եմ, այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է»,- ընդգծեց Գաբրիելյանը: