ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին էսկալացիայի առնչությամբ այդ կառույցում ԱՄՆ փոխդեսպան, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ հայտարարեց հետևյալը․ «ԱՄՆ-ն մտահոգված է բախումների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ»:
Ավելի վաղ, սահմանային բախումների մասին խոսելիս, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նշել էր, որ պետք է ամեն ինչ անել վերջնականապես հարցը կարգավորելու համար։ Կարծիք կա, որ սա ակնարկ է՝ ուղղված Հայաստանին՝ Ադրբեջանի կազմում ճանաչել Արցախը։
«Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մշտապես հայտնել է իր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, ասելով, որ այն պետք է լուծվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման շրջանակներում։ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխվել և իր համար միևնույն է, թե ինչպես կլուծվի այդ խնդիրը՝ ազգերի ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային ամբողջականության իրավունքների շրջանակներում, կարևորն իրենց համար այն է, որ այդ խնդիրը լուծվի»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Մեր զրուցակիցը նկատեց, որ փոփոխություն է եղել սահմանների, ԼՂ կարգավիճակի առումով, ուստի բնական է, որ միջազգային խաղացողները, այդ թվում՝ Միացյալ նահանգները փորձում են գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարտահայտեն այսօր գոյություն ունեցող իրողությունները։
«Չեմ կարծում, որ ճնշում կա ԱՄՆ-ի կողմից՝ ճանաչելու Արցախը Ադրբեջանի կազմում, համենայն դեպս, այս պահին նման ազդակներ չեն գալիս, և կոչերը՝ խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին են վկայում։ Ավելին, Միացյալ նահանգները պարբերաբար պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռևս համարում է չլուծված, ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, թե այդ հարցը լուծված է։ ԱՄՆ-ն պնդում է նաև, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի և այդ ուղղությամբ աշխատանքներ ևս տարվում են»,-ընդգծեց Սարգսյանը։
Արա Ալոյան