Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված է և արդյունավետ. Հայաստանի իշխանությունները չեն սատարում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի դիրքորոշմանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում խոսել ոչ թե զգացմունքային դաշտում կամ արտաքին քաղաքական ճաշակով, այլ փաստերով: Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքը միայն Հանրապետական կուսակցության կողմից չի պաշտպանվել: Այս որոշումն արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը»,-  ասաց Շարմազանովը:

Շարմազանովը հավելեց, որ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի Հայաստանի լինի Եվրասիական տնտեսական միության կազմում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և միությունների, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ: