Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում եղել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ մահացածը պայմանագրային զինծառայող էր, ով ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։ Ապրում էր ծնողներից առանձին, կնոջ և երեխայի հետ: Գյուղապետը, սակայն, այլ մանրամասներ չցանկացավ հաղորդել:
Ոստիկանությունը պարզել է, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում երեկ պայմանագրային զինծառայողի մահը սպանություն է եղել. «Օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Ա. Լ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վ. Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլորել ձորն ու այրել»:
Ա. Լ.-ն ձերբակալվել է:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին: Նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի է մասնակցելիս եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, ծրագրելով, որ մարդիկ կմտածեն՝ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ:
Տեղեկությունների համաձայն՝ Ա. Լալայանը նույնպես պայմանագրային զինծառայող է:
Սոնա Հարությունյան