Ինձ քիչ առաջ հիվանդանոցից զանգահարեցին և հայտնեցին, որ 44-ամյա տղամարդու կողմից հրազենային վիրավորում ստանալու հետևանքով, աներոջից բացի, մահացել է նաև զոքանչը, որը վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Նալբանդյան գյուղի համայնքի ղեկավարը՝ Գրիգոր Մկրտչյանը:
Խնդրեցինք ներկայացնել սպանություն կատարած համագյուղացուն, և համայնքի ղեկավարը միայն դրական կետեր նշեց, ինքն էլ զարմացած լինելով կատարվածից. «Առողջական խնդիրներ, կարծես թե, չի ունեցել: Նրա հետ մշտապես շփում եմ ունեցել, շատ բանիմաց տղա է, կարելի էր ամեն ինչից խոսել այդ տղայի հետ, ամեն ոլորտից գիտելիք ուներ: Խմիչքից, ծխախոտից միշտ հեռու է եղել: Ֆիզակապես շատ ուժեղ էր, անընդհատ հետևում էր իր արտաքին տեսքին, հաճախում էր մարզադահլիճ: Շատ կոկիկ և մարքրասեր է եղել, նախընտրել է միշտ դասական հագուստ հագնել»,- նշեց նա:
Վերջինս հայտնեց, որ սպանություն կատարողը մեծացել է ուսուցիչների ընտանիքում. «Հայրը մեր դպրոցում եղել է ֆիզիկայի ուսուցիչ, մայրը՝ մաթեմատիկայի, երկուսն էլ սիրելի են եղել դպրոցում: Նրա կողմից սպանված զոքանչը ևս դպրոցում ուսուցիչ է աշխատել, շատ խելացի կին էր»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը:
Ինչպես նշում է նա, այդ տղամարդը սոցիալապես ապահովված է եղել՝ ուներ խանութ, երկու ավտոմեքենա, այնպես է արել, որ ամեն ինչ հասցնի և ընտանիքը որևէ բանի կարիք չունենա:
Հետաքրքրվեցինք արդյոք բաժանված է իր կնոջից, որի ծնողներին սպանել է, և թե ինչ հարաբերություններ է ունեցել նրանց հետ, մեր զրուցակիցը ասաց. «Ներկայիս կինն է սպանվածների աղջիկը, միասին հաշտ ու համերաշխ են ապրել: Անկեղծ ասաց չեմ նկատել, որ կինը կամ ինքը շփվեն ծնողների հետ»,- ընդգծեց նա:
Համայնքապետը նշեց, որ մինչև այդ սարսափելի դեպքը, տղամարդը գնացել է համայնքապետարան իր հետ զրուցելու.
«Մոտավորապես, կես ժամ նստեցինք, խոսեցինք ու շատ նորմալ գնաց»,- ասաց համայնքապետը՝ մանրամասնելով իրենց զրույցի թեման.
«Իր ավտոտնակը սարքել է խանութ, և համայնքի խորշորացումից հետո տեղական տուրքը սահմանելու համար իրենից խնդրել էինք՝ ասեր ավտոտնակի մետր քառակուսին, ինքն էլ եկել էր հայտներ խանութի չափերը, որ պատասխանեինք խոշորացված համայնքին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:
Զվարթ Պետրոսյան