SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 11-ին իր գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, իր վստահորդները վիճաբանել և հարվածներ են հասցրել իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, փաստաբանի գրասենակ են այցելել Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացիներ Ֆարսադ Ղասեմլուն՝ իր կնոջ՝ Բաղրի Լաղանի Հաջիեհի և աղջկա՝ Ֆառնազ Ղասեմլուի հետ և գրասենյակում հայհոյել ու սպառնացել են, որի ժամանակ էլ Ֆ. Ղասեմլուն մի քանի անգամ ապտակել է փաստաբանին, իսկ Բ. Հաջիեհը սպառնացել է շշով հարվածել իրեն։

Փաստաբանը ՀՀ ոստիկանապետին հասցեագրած դիմումում հայտնել է, որ այդ ամենի արդյունքում որպես փաստաբան՝ խոչընդոտվել է իր լիազորությունների իրականացումը։

Փաստի առթիվ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հետաքննություն է սկսվել։