Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ կնքել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Ի՞նչ վտանգ է իրադարձությունների նման զարգացումը ներկայացնում Հայաստանի համար: Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ն չհաջողեցին, երբ նախաձեռնեցին ֆուտբոլային դիվանագիտությունը, որպեսզի կարգավորեն հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան բարելավում են իրենց հարաբերությունները և խորացնում երկկողմ համագործակցությունը մի շարք ուղղություններով` տնտեսական, հումանիտար: Բայց այս ամենի ֆոնին հարց է առաջանում` եթե Թուրքիան ցանկանում է ունենալ ազդեցիկ և ակտիվ դերակատարություն եվրասիական տնտեսական միության տարածքում, ապա ինչպե՞ս կարող է շարունակել փակ պահել սահմանը Հայաստանի հետ: Դա հակասում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ոգուն, որը կառուցված է չորս ազատությունների վրա` մարդկանց, ապրանքների, փողի և ծառայությունների ազատ տեղաշարժի:
 
Շատ հնարավոր է՝ դա թուրքական կողմի հերթական հնարքն է՝ այս փուլում Ռուսաստանից ավելին ստանալու եւ միաժամանակ Եվրամիության հետ բանակցություններում ԵԱՏՄ-ին միանալու «սպառնալիքով» ավելի շահեկան դիրք գրավելու համար; Իսկ ո՞վ կարող է բացառել, որ եթե բացվի Եվրասիայում ռուս-թուրքական «համատեղ ձեռնարկություն»՝ աշխարհաքաղաքական ալյանս ունենալու իրական հնարավորություն, ապա Թուրքիան չի շրջվի Եվրամիության ուղուց, որտեղ, ի դեպ, նրա առջեւ հազիվ թե կանաչ լույս է վառվելու առաջիկա մի քանի տասնամյակում: Գոնե այսօրվա Թուրքիայի պարագայում՝ դա հավանական է թվում: Խնդիրն, այսպիսով, «տնային աշխատանքի» կարիք ունի: Այն կտրվածքով, թե ո՞րն է լինելու Հայաստանի ընտրությունը, եթե մի X պահի Թուրքիան եւ Ադրբեջանը կամ միայն վերջինս դառնա ԵԱՏՄ անդամ: Հասկանալի է, որ նման հեռանկարը պետք է նյարդայնացնի մեզ: Այս դեպքում ԵՏՄ-ում էապես կփոխվի բալանսը և այդ կառույցը, որ այժմ էլ արդեն իրականում ավելի շատ թյուրքական է, քան եվրասիական, կդառնա է՛լ ավելի թյուրքական պետությունների միություն: Կասկածից վեր է, որ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը շատ ավելի ծանրակշիռ են լինելու, քան Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը: Ռուսաստանը կարող է ձգտել ստանալ մեր երկրի համաձայնությունը այս հարցում՝ Հայաստանին ներքաշելով և փորձելով Հայաստանի համար էլ այսպես ասած հայ-թուրքական սահմանի բացումը դարձնել համաձայնություն ստանալու խայծ:
 
Ստելլա Խաչատրյան