Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը: Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցով որևէ առաջընթաց չի գրանցվում. պաշտոնյաներն անգամ չեն էլ խոսում այդ մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է Հայաստանը ետ մնում: «Ոչ մի բանից ետ չենք մնում: Մենք մեր զարգացումներով ենք առաջ գնում, իրենք` իրենց: Չի կարելի ասել, որ ետ ենք մնում»,-ասել է Վ.Մարտիրոսյանը: Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ու այլ բարձրաստիճան հյուրեր: Այս երկաթգծի բացումը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային խոշոր ծրագրերից: Սա Հայաստանի մեկուսացման խորհրդանիշերից մեկն է: Թուրքիան և Ադրբեջանը անում են ամեն բան, որպեսզի Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից: Եվ սա կարծես նրանց մոտ ստացվում է:
 
Երկաթգծի հանդիսավոր բացման արարողությանը զուգահեռ, ակտիվորեն քննարկվում է երկաթգծին միանալու կամ չմիանալու նպատակահարմարությունը: Նախագծի իրականացման սկզբնական տարիներին Հայաստանը դեմ էր արտահայտվել ծրագրին՝ առաջարկելով շահագործել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը: Ավելին, շատերը կհիշեն, որ Հայաստանի հորդորով՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունն անգամ զերծ մնացին աջակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը: Այդ տարիներին՝ որպես նախագծի գլխավոր նպատակ էր դիտարկվում Հայաստանի մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ Վրաստանի միջոցով, և Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու ցանկությունը՝ Վրաստանի կողմից: Սակայն ներկայում ակտիվորեն քննարկվում է երկաթգծին Հայաստանի միանալու հեռանկարը, ինչը բավականին աղոտ է ուրվագծվում` հաշվի առնելով Հայաստանի՝ անցյալի քննադատությունները: Այնուամենայնիվ, արդարացված կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայաստանի մասնակցությունն այս պրոյեկտին՝ կմեղմի Հայաստանի շրջափակումը նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
 
2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց հայությանը: Այդ ընդարձակ ելույթը, որ կրում էր «Հայկական հրաշքի բանաձեւ» խորագիրը, դրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ. 
 
ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, 
 
բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:
 
Որտե՞ղ են հիմա այդ նախագծերը: Որտե՞ղ է Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը: Այս նախագծերը պետք է դառնային Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի մեգա նախագծերը, բայց իրականում մնացին լոկ գեղեցիկ խոստումների կարգավիճակում: Հայաստանը վերջին տարիներին փառահեղորեն փչացրեց իր հարաբերությունները միջազգային խոշոր խաղացողների հետ, իսկ հարևան Իրանի ու Վրաստանի հետ չկա հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարություն: Մեզ մոտ Բաղրամյան 26-ին կից «անկախ մամուլը» և «ընդդիմադիր շրջանակները» զբաղված են ՌԴ-ի դեմ հակաքարոզով և արևմտամետ խաղալով: Այլ բան չկա: Ֆուտբոլային դիվանագիտությունը մահացել էր դեռ չծնված, իսկ Ղարաբաղի հարցով արդեն բոլորը բոլորի հետ բանակցում են, բացի Հայաստանից: Մեզ վերջում տեղյակ կպահեն: Նախաձեռնողականության արդյունքում մեզ չեն հարգում Արևմուտքում, չեն վստահում Ռուսաստանում, բանի տեղ չեն դնում Վրաստանում (Հայաստանը չկարողացավ իր ուզած դեսպանին նշանակել և ենթարկվեց ամոթալի նվաստացման) և խղճում են Իրանում: Ինչ մնում է մեր մյուս երկու հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա սրանց դիրքորոշումը մեր հանդեպ գաղտնիք չէ: Արդյունքում՝ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը միայն խորացել է, ուրեմն ո՞ւմ ենք խաբում՝ հայտարարելով, որ ոչ մի բանից էլ հետ չենք մնում...
 
 
Ստելլա Խաչատրյան