Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հացը և միսը սեպտեմբերի 1-ից պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սննդամթերքի փոխադրումը պետք է աստիճանաբար իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար ՍԱՊԾ-ն տրամադրում է սանիտարական անձնագիր:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց հացի գործարանների տնօրենների հետ, ովքեր թեև որոշմանը կողմ են, սակայն որոշ առումներով մտահոգություններ ունեն։
Մեզ հետ զրույցում «Ուրարտու-Ադելինա» հացի գործարանի տնօրենը նշեց, որ անկախ օրենքից, իրենց հացի առաքման մեքենաները առանձնացված բեռնախցիկներով են, բայց նոր ստանդարտներին համապատասխանեցնելը գումարային լուրջ խնդիր է առաջացնում․ «Մեծ գումարների հետ է կապված, իսկ ժամկետը շատ սեղմ է։ Կարճ ժամանակահատվածում այսքան մեքենան չենք կարող պահանջներին համապատասխանեցնել, որովհետև թանկ հաճույք է։ Եթե իրենց ասած տարբերակով անենք, որքան գումար ծախսել ենք, հաջորդ տարի գցելու ենք ջուրը, որովհետև ես գտնում եմ՝ լուրջ մասնագետ չկա, ով կզբաղվի այդ հարցով և կերաշխավորի, որ այդ մեքենաները մեկ տարի հետո կլինեն նորմալ վիճակում, հոտ չի գա միջից և այլն։
Կոնկրետ մեր ավտոպարկը բավականին մեծ է։ Յուրաքանչյուր մեքենայի վրա լուրջ գումարներ են ծախսվելու, իսկ ներկա պահին, ամռան սեզոնին, այդքան գումար տրամադրել չենք կարող, որովհետև հացի վաճառքը նվազել է»,- ասաց գործարանի տնօրենը՝ ընդգծելով, որ իրենց պահանջն է՝ երկարացնել օրենքի կիրառման ժամկետը, քանի որ իրենք մինչև սեպտեմբերի 1-ը չեն հասցնելու իրարակացնել այն։
Մենք կապ հաստատեցինք նաև «Արև 1» Մարտունու հացի գործարանի տնօրենի հետ, ում կարծիքով՝ որոշումը ողջունելի է․ «Ի՞նչ վատ է՝ հացն այսուհետև կառաքվի նորմալ ձևով: Եթե որոշ արտադրողներ պետք է հացը լցնեն ինչ-որ տաքսի մեքենայի մեջ, ոտքերի տակ ու տանեն հանձնեն խանութներին, ապա թող չարտադրեն»,- նշեց գործարանի տնօրենը՝ համաձայնելով սակայն այն տեսակետին, որ այդ դեպքում էլ կանգնում ենք գործազրկույթան խնդրի առջև։
Թեև սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը չի վերաբերվում մարզերի արտադրողներին, քանի որ նրանց մոտ օրենքը գործելու է հաջորդ տարվանից, այնուամենայնիվ, հացի գործարանի տնօրենն ընդգծեց, որ այս պահին հնարավորություն չունի ձեռք բերելու այդ փոխադրամիջները, բայց եթե պետք է ճիշտ աշխատել, այլ տարբերակ չի տեսնում։
Նշենք՝ 2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար:
Սոնա Հարությունյան