«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն դատական գործընթաց է սկսել ընդդեմ «Միսս Հայաստան 1998»-ի տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի՝ պահանջելով արգելել իրեն պատկանող ապրանքանշանի կիրառումն ու չեղյալ համարել սեպտեմբերի 24-ին նախատեսված մրցույթը։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Միսս Հայաստան 1998»-ի տիտղոսակիր և մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը նշեց, որ իր համար անհասականալի է «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ի պահանջը. «Թեպետ մենք հուլիսի 12-ին փոխեցինք մեր ստեղծած հիմնադրամի անվանումը՝ «Միսս Հայաստան 2017»-ը գրանցելով «Միսս Արմենիա 2017», սակայն մինչ այս պահն ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ «Միսս Հայաստան ազգային գործակալության» այս պահանջը: Պետռեգիստրում մեզ անգամ «Միսս Հայաստան 2017»-ով էին գրանցում, ու մենք որևէ խնդիր չունեինք: Եթե այդ կազմակերպությունը մինչ օրս չի կազմակերպել որևէ միջոցառում, ինչո՞ւ են մեզ խամգարում նման միջոցառում կազմակերպելու հարցում»:
Գոհար Հարությունյանի խոսքով՝ այս դատական քաշքշուկը որոշակիորեն ազդել է իր կազմակերպած միջոցառման վարկանիշի վրա, և շատ հովանավորներ պարզապես հրաժարվում են հովանավորել միջոցառումը. «Եթե այս դատական հայցը չլիներ, ավելի շատ հովանավորներ կֆինանսավորեին միջոցառումը և այն կլիներ էլ ավելի շքեղ և գեղեցիկ: Այնուամենայնիվ, առանց այդ հովանավորների, անկախ ցանկացած դատական հայցից, «Միսս Արմենիա 2017»-ը սեպտեմբերի 24-ին կայանալու է:
«Միսս Հայաստան 1998»-ի տիտղոսակիրը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն անում է մի բան, ինչն այսքան տարիներ չի արել «Միսս Հայաստան ազգային գործակալություն»-ը. վերջինս չի կազմակերպել որևէ գեղեցկության մրցույթ, ինչը կբարձրացներ մեր պետության դերը միջազգային հարթակներում:
Նշենք, որ դատարանը բավարարել է հայցվորի՝«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ի միջնորդությունն, ըստ որի, արգելել է «Միսս Արմենիա» հիմնադրամին՝ ապրանքային նշանի ցանկացած օգտագործում: