Արդեն մոտ ութ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային համակարգը կազմակերպելու նպատակով բրիտանական խորհրդատու կազմակերպություն է ներգրավել, որը խնդրի լուծման չորս տարբերակ է առաջարկել։ Քաղաքապետարանը կարծես թե որոշել է կարգավորել Երևանի թիվ մեկ խնդիրը, բայց այս անգամ՝ քաղաքացիների գրպանին խփելով: Դեռևս 2013թ.-ին քաղաքապետարանը փորձում էր առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման՝ թանկացնել ուղեվարձը՝ 150 դրամ սահմանելով։ Իրապես թանկացումը հիմնավորված չէր նույնիսկ այն դեպքում, եթե թանկացումից հետո ենթադրվում էր ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ։ Ակնհայտ է, որ նախ պետք է որակյալ ծառայություն մատուցվի, ապա նոր առաջանա սակագնի վերանայման հարցը:
Ով գոնե մեկ անգամ օգտվել է Երեւանի տրանսպորտից, քաջ տեղյակ է, թե ինչ անմխիթար եւ անտանելի վիճակում է այն: Շատերը կհամաձայնեն, որ Երեւան քաղաքի թիվ մեկ խնդիրը տրանսպորտն է: Քաղաքապետարանից փորձում են ներկայացնել, թե մինչև տրանսպորտը չթանկանա, չեն կարող համակարգային լուծում տալ: Սակայն իրականում քաղաքացիների գումարի հաշվին փորձում են իրենց բիզնես ոլորտը բարելավել: Ամբողջ աշխարհում ծառայության դիմաց են վճարում, ոչ թե ասում են՝ գումար տուր, ծառայություն մատուցենք: Մարդիկ շարունակում են տառապել՝ երթեւեկելով անմարդկային պայմաններում, միկորավտոբուսներում խցկվելով եւ ողնաշարը ծալված ճանապարհ գնալով: Սա խնդիր է ոչ միայն սոցիալական, տնտեսական, անվտանգության, ոչ միայն բնապահպանական, այլև առաջին հերթին արժանապատվության: Միայն այս խնդիրները կարգավորելուց հետո քաղաքապետարանը կարող է խոսք բացել ուղեվարձի թանկացման մասին, սակայն այդ դեպքում էլ ճիշտ կլինի, որ ուղևորափոխադրման վճարումները տարբեր թիրախային խմբերի համար մշակվեն տարբերակված մոտեցումներով, որից կօգտվեն ուսանողները, կենսաթոշակառուները, սոցիալապես անապահով խավի և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները:
Ստելլա Խաչատրյան