Վերջին շաբաթներին Հայաստանում շեշտակի թանկացել է թե՛ պարարտանյութը, թե՛ սերմացուն, թե՛ դիզվառելիքը, թե՛ թունաքիմիկատները։ Իշխանություններն` ի դեմս վարչապետի և էկոնոմիկայի նախարարի, կարծես թե, բավարարվել են իրավիճակին` «մտահոգիչ» գնահատականը տալով և խոստանալով հետևողականորեն լինել գյուղացու խնդիրները լուծելու հարցում։ Բայց արի ու տես, որ լուծումը դեռևս չի գտնվել։ Առաջիկա օրերին սկսվելու է գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանը, ինչն էլ անհանգստություն է պատճառում գյուղացիներին:
Այստեղ շատ կարևոր է կանգ առնել և հիշել, թե ովքեր են վերը նշված շուկաներում եղանակ թելադրողները։ Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-ից 20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն է:
Մտավախություն կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգվեն եւ թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20 տոկսով, այլ մինչեւ 40 տոկոսի կհասցնեն: 2018 թվականի դրությամբ Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը: «Նատալի ագրո»-ն և «Նատալի Ֆարմ»-ը հանդիսանում է թունաքիմիկատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, որոնք բարձ որակի եւ թանկ ապրանքատեսակ են առաջարկում, սակայն դրանց հետ միասին չինական թունաքիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան: Ի դեպ, «Նատալի Ֆարմ»-ի դեմ ՏՄՊՊՀ-ն ոչ վաղ անցյալում վարույթ էր հարուցել: 2018-ին Փաշինյանի ընտանեկան թերթն անդրադարձել էր Ալեքսանյանի այս բիզնեսին` գրելով, որ վերջինս, ունենալով մենաշնորհային դիրք, պատրասվտվում է ծանր հարված հասցնել գյուղացիների գրպանին:
Հաջորդ խոշոր ներկրողը «Հրաշք այգի» ՍՊԸ-ն է, որի սեփականատերն Արթուր Իվանյանն է:
Մի քանի տարի առաջ, ըտս ՏՄՊՊՀ-ի, շուկայում գերիշխող դիրք ունեև Միհրան Պողոսյանի «Քեթրին Գրուպ»-ը, սակայն, այսօր պատկերը փոքր-ինչ փոխվել է:
Շուկայում գործում են նաև «Արտագրո» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Արթուր Կտրակյանը և «Սապսան Թրեյդ» ընկերությունները, որոնց միջև բավական լուրջ մրցակցություն է նկատվում: «Արտագրո»-ն դիմել էր ՏՄՊՊՀ` պահանջելով վարույթ հարուցել «Սապսան Թրեյդ» ՍՊԸ-ի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության պատճառով: Ահա և ՏՄՊՊՀ որոշումը:
Ինչ վերաբերվում է դիզվառելիքի շուկային, ապա «Ֆլեշի» սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանն է, «Սի փի էս օյլ քորփորեյշն»-ինը՝ գործարար Արթուր Դանիելյանը, «Մաքս պետրոլինը»՝ Կարեն Ախվերդյանը, ում անունը կարելի է հանդիպել նաև «Ձորագետ հիդրո»-ի տնօրենների ցանկում։ 2019-ին դիզվառելիքի շուկա է մտել «Մեսման» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնվել է 2019-ին, միակ բաժնետերը Մեսրոպ Մանրիկյանն է։ Նա եղել է Կոտայքի մարզի դատախազ։ Շուկայի մյուս խաղացողը «Մաքս օյլ» ընկերությունն է, որի միակ բաժնետերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանն է։ Նրա անվան հետ է կապվում նաև «Մաքս պետրոլը»։ 2018-ին հիմնվել է դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող «ԱԳ իմպեքս» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Սաթենի Պապյանն է, իսկ ընկերությունը գործունություն է իրականացնում Սյունիքի մարզում։ Սաթենի Պապյանը Մեղրիի նախկին փոխքաղաքապետ, իսկ հետագայում խոշորացված Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանի կինն է։ Ուշագրավ է, որ 2021-ին Մեղրիի համայնքապետարանը սույն ընկերության հետ շուրջ մեկ միլիոն դրամի ծառայությունների գնման պայմանագիր է կնքել: Գնել են սակայն ոչ թե դիզվառելիք, այլ` ցեմենտ:
Ահա թե ում պետք է ստուգի և վերահսկի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի օր-օրի վատթարացող գյուղացիների կյանքն ընդհանրապես չվերածվի դժոխքի, դեռևս ամեն բան հենց դրան էլ գնում է: Նախկին օլիգարխներն ու պաշտոնյաները բավականին կոմֆորտ են իրենց զգում Նոր Հայաստանում, որի իշխանություններն ակնհայտորեն աչք են փակում օրը ցերեկով կեղեքվող գյուղացիների խնդիրների վրա...