Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ խորհրդարանական մեծամասնությունը, ասել է թե՝ ՀՀԿ-ն և կառավարությունը, քաղաքացիներին ընդունում են որպես տուգանքի մատերիալ, իսկ երբ մի լուսավոր օր ինքը գա իշխանության, ապա քաղաքացիները ապրելու են մի երկրում, որտեղ միանշանակ տուգանքի մատերիալ չեն դիտվելու, ավելին՝ ՀՀԿ նշանակած ապօրինի տույժ-տուգանքները Փաշինյանը պատրաստվում էր ներել: Լուսավոր օրը, ինչպես ասում են, եկավ, այն էլ ոչ թե երեկ, այլ մոտ երկու տարի առաջ, դրանից հետո, սակայն, քաղաքացու՝ ինքն իրեն տուգանքի մատերիալ ընկալելու և զգալու հարցում առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այն պարզ պատճառով, որ հեղափոխական ԱԺ-ն խփեց հպարտ քաղաքացիներն տուգանելու բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները, կամ այլ կերպ ասած՝ խփեց քաղաքացիների գրպանին:
Վերջերս հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին` բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։
Քաղաքացիներին կտուգանեն նաև բաց տարածքում դիմակ չկրելու և կարանտինի ընթացքում սահմանած կանոները չպահպանելու համար:
Վարորդներին կտուգանեն բալային համակարգով:
Հանրային վայրում ծխելու համար սահմանվել է տուգանք:
Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելը նույնպես այսուհետ տուգանվելու է:
Մեկ համարանիշով երթևեկելը նույնպես տուգանվում է Նոր Հայաստանում:
Աղբը այրելը կարող է քաղաքացու վրա մինչև 800 հազար նստել:
ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ նաև գույքահարկը` դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում:
Պահեստազորի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցի զինվորական վարժանքներին, 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով:
Հարկային օրենսգրքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու արդյունքում թանկացել է ակցիազային հարկը և առաջին անհրաժեշտության ապրանքները:
Առանց կատալիզատորի մեքենա վարողները նույնպես տուգանքի մատերիալ են դարձել:
Ձմեռային անվադողեր չունենալու համար սահմանվել է 20 հազար դրամ տուգանք:
Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը նույն ԱԺ թեթե ձեռամբ այսուհետ առաջացնում է տուգանք` 30․000 – 50․000 դրամի չափով: Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելն առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանք` 70․000 – 100․000 դրամի չափով:
Տաքսիների համընդհանուր լիցենզավորման համակարգի ներդրումից հետո տաքսու վարորդների առջև ծառանալու են լուրջ ֆինանսական խնդիրներ, որոնց լուծումը ԱԺ-ն չի առաջարկում:
Եվ այս ամենը արվում է մի իշխանության կողմից, որը ժամանակին աղաղակում էր, որ ժողովրդի օդերը փակել չի կարելի, որ անհրաժեշտ է քաղաքացիների համար արժանապատիվ կեցության պայմաններ ապահովել:
Ինչպես տեսնում ենք, քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու կարգախոսներով և խոստումներով հեղափոխություն արած, իսկ այնուհետև ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ձևավորած թիմը բնավ էլ չի նպաստել քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի լավացմանը, հակառակը՝ ընդունված օրենքների առյուծի բաժինը իր մեջ պատժի որոշակի չափաբաժին է կրում` ենթադրելով տուգանք: Ի տարբերություն քաղաքացիների՝ պատգամավորների կյանքում և հատկապես կյանքի սոցիալ-տնտեսական բնագավառում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ միայն 2019 թվականին ԱԺ-ում 2 միլիոն դոլարի պարգևատրումներ են բաժանվել…