ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել խոշոր չափի արժողության սնուցման մալուխը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Վերջիններս ձերբակալվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կասկածյալները ցուցմունք են տվել՝ կատարված գողության մեխանիզմի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:
Նկատի ունենալով, որ կասկածյալներին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, որի վերաբերյալ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, և վարույթն իրականացնող մարմինը հիմքեր չունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող է խոչընդոտեն քրեական գործի նախաքննությանը կամ ներգործեն վկաների վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ կասկածյալներին արգելանքից ազատելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: