Կառավարությունը որոշել է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող 1 մլրդ 276 մլն 120 հազար դրամ գնահատված արժեքով 4556,07 քառ. մետր մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենքը, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հա հողամասը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանը:

Մարզադպրոցի գնահատված արժեքը ավելի քան 1 միլիարդ 276 միլիոն դրամ է: ՀԿ-ին հանձնվեց 4556 քմ մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք, շինություններ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հեկտար հողամաս: Հայաստանի «Սևան» մարզական ՀԿ-ի նախագահը նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է (2012թ-2017 թվակականը եղել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից):

Նա կազմակերպության խորհրդի նախագահն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը ֆուտբոլի մարզիչ, մրցավար Արշակ Կնյազյանն է:

Որոշման նախագծում միայն նշվում է, որ կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:

Սա վերաբերում է միայն 4 տարի կատարվող 3 միլիոն դրամ ներդրումներին, որից հետո 46 տարի ևս ՀԿ-ն պետք է շահագործի մարզադպրոցի շենքը՝ առանց պարտավորության, որ այն պետք է ծառայեցնի միայն՝ ըստ նպատակի: 

Ինչպես տեսնում ենք, սա ոչ առաջին, ոչ էլ, թերևս, վերջին դեպքն է, երբ Կառավարությունը մոտ 500 միլիոն դրամ գումար է ծախսում այս մարզադպրոցի շահագորման համար և այնուհետև այն հանձնում մասնավորին:

Ընդ որում՝ անհասկանալի է մնում, թե ի՞նչ բնույթի ներդրումներ պետք է կատարվեն, ինչո՞ւ է Կառավարությունը որոշել նման ցածր ներդրում սահմանելու ձևաչափը, և, պարզ չէ նաև այն հանգամանքը, թե ինչո՞ւ պետք է ՀԿ-ն գույքն օգտագործի 50 տարի, իսկ ներդրումներ կատարի ընդհամենը 4 տարի:

 

Ստելլա Խաչատրյան