Վերջին շրջանում իշխանությունների կողմից հաճախ է թմբկահարվում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները: Այդ հաջողությունները, սակայն որևէ կերպ չեն անդրադառնում բյուջեի վրա, համենայնդեպս հասարակությունը մինչ օրս տեղյակ չէ՝ այս ողջ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում քանի միլիոն դրամով հարստացավ բյուջեն և հարստացավ արդյոք ընդհանրապես, թե ՝ ոչ:
 
Բանն այն է, որ այդ նույն հասարակությունը տեսնում է, թե ինչ տարակուսելի երևույթներ են կատարվում քրեական գործերի հարուցման և ջրման մասով: Օրինակ, պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։ Սակայն վերջինս պետական բյուջե է վերականգնել է պատճառած վնասի, ընդամենը, փոքր մասը՝ 800 միլիոնը: Իսկ ո՞ւր են գնացել միլիարդները և արդյո՞ք Խաչատրյանը պատրաստվում է դրանք վերականգնել պետական բյուջե, թե նա արդեն իսկ վերականգնել է, սակայն այլ լծակներով: Նույն պատմությունն էր նաև «Սպայկա» ընկերության կողմից պետությանը պատճառած վնասների փոխհատուցման դեպքում:
 
Վաչագան Ղազարյանին առնչվող քրեական գործը էլ ավելի հետաքրքրաշարժ է: 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում հարուցվել էր նոր քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում ՀՔԾ-ում։ Ներկայումս պարզվում է, սակայն, որ հարկային չարաշահումների համար ո′չ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։ ՀՔԾ-ն նաև տեղեկացրել է, որ Վաչագան Ղազարյանը նախաքննության ընթացքում վերականգնել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ։ Մտե՞լ է արդյոք այդ գումարը պետական բյուջե, թե ոչ՝ դժվար է ասել: Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման հանցակազմին, ապա ուշագրավ է, որ 1 տարուց ավելի քննելով այս մեղադրանքը, դեռ որևէ էական տեղաշարժ չկա։
 
Ամեն ինչ հանգում է նրան, որ կամ նախկին պաշտոնյաները այդչափ թալանչի չէին, որքան փորձում են ներկայացնել օրվա իշխանությունները, կամ վերջիններս պարզապես կոմպրոմիսի են գնում նախկինների հետ՝ առաջարկելով մուծվել և ստանալ այդքան բաղձալի ազատությունը…