«Նախորդ տարի ԵՄ-ն և Հայաստանն ավարտել են Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, սակայն հաջորդ քայլերը հնարավոր չի եղել իրականացնել՝ ելնելով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից։ Այնուամենայնիվ, Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվել են շարունակել հետագա համագործակցությունը, և այդ մասին երկուստեք նշվել է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք միասին կդիտարկեն իրենց պայմանագրային հարաբերությունների ապագա հիմքերը՝ հաշվի առնելով նաև հետագայում Հայաստանի՝ Մաքսային միության անդամությունից բխող սահմանափախումները»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

 

Հրիսթեայի խոսքով՝ նախորդ տարի Հայաստանի նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են լավ կազմակերպված, թեև եղել են ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ։ «Չնայած ընթացող բարեփոխումներին՝ հասարակությունը դեռևս անվստահություն է դրսևորում դատաիրավական համակարգի հանդեպ։ Կոռուպցիայի դեմ պայքարում համոզիչ արդյունքներ չեն գրանցվել, այդ թվում՝ ոստիկանության և դատաիրավական համակարգի շրջանակներում»,- ասաց Հրիսթեան։

 

Եզրափակելով զեկույցը՝ նա տեղեկացրեց, որ 2013 թվականին Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 35-40 մլն եվրոյի օժանդակություն։